Մշակույթ

Անցյալ դարի պատմական էջերը` մեկ վայրում. Վանաձորում բացվեց «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

8 րոպեի ընթերցում

Անցյալ դարի պատմական էջերը` մեկ վայրում. Վանաձորում բացվեց «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

ՎԱՆԱՁՈՐ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի ‹‹Դարի վավերագրություն›› խորագիրը կրող ցուցահանդեսի հերթական կանգառը Վանաձորն է:

Սպորտային և մշակութային նվաճումներից մինչև քաղաքական կարևորագույն զարգացումներ, համաշխարհային մեծության դեմքերի այցելություններ, պատմամշակութային հուշարձանների կառուցում, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի կյանքը պատկերող պատմական դիպվածներ. Վանաձորի կերպարվեստի թանգարանում մինչև դեկտեմբերի 28-ը գործող ցուցահանդեսը հնարավորություն կտա ևս մեկ անգամ վերհիշել ու վերապրել Հայաստանում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններն ու անմոռանալի դրվագները:

Ցուցադրության հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը՝ շնորհակալություն հայտնելով, որ «Արմենպրես»-ի ‹‹Դարի վավերագրությունը›› խորագիրը կրող ցուցադրությունն այս անգամ անցկացվում է Վանաձորում:

Հայկուհի Ավագյանի խոսքով՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում նմանատիպ ցուցադրության անցկացումը խորհրդանշական է, քանի որ 50 ամյա թանգարանի ցուցասրահում բացվում է 100 տարվա պատմություն ունեցող լրատվականի՝ «Արմենպրես»-ի ‹‹Դարի վավերագրությունը›› խորագրով արխիվային լուսանկարների ներկայացումը:

‹‹Ցուցադրությունը շատ եմ կարևորում, որովհետև սա նաև կրթադաստիարակչական նպատակ է հետապնդում։ Համացանցում, միանշանակ, նմանատիպ լուսանկարների չենք հանդիպելու, չենք տեսնելու։ Ինչպես նշվեց, դասագրքերում էլ նրանք շատ քիչ են, բայց շատ կարևոր է հատկապես աճող սերնդի համար։ Դրանով նա ճանաչում է ոչ միայն իր պատմությունն, այլև իր պատմությունը կերտած մարդկանց ու իրադարձությունները››,- նշեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն իր խոսքում նշեց, որ ‹‹Դարի վավերագրությունը›› խորագրով ցուցադրությունը ներառում է նախորդ դարի հիշարժան և կարևոր իրադարձությունները պատկերող լուսանկարներ։ 

‹‹Մեր ցուցադրությունն ի սկզբանե ստեղծվել է ‹‹Արմենպրես››-ի 105 ամյակին՝ հանրությանը հաղորդակից դարձնելու մեր ժառանգությանը: Մայրաքաղաքից բացի, այն ցուցադրվել է նաև Գյումրիում, Կապանում։ Հաջորդ կանգառը Վանաձորն է։ Մենք պատրաստ ենք այս ցուցադրությունը մարզերի տարբեր բնակավայրերում ներկայացնել հանրությանը, որպեսզի հնարավորություն տանք ավելի մեծ զանգվածների՝ հաղորդակից դառնալու նախորդ դարի կարևորագույն իրադարձություններին, կրկին վերհիշելու մեր անցած ճանապարհը, սպորտային փառավոր հաղթանակները, օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերը մեր երկիր: Այսօր խորհրդանշական եմ համարում նաև այն, որ մի հատված նվիրված է Սպիտակի ավերիչ երկրաշարժին. սա յուրահատուկ հարգանքի տուրք է նաև երկրաշարժի տարելիցին››,- ընդգծեց Նարինե Նազարյանը:

Անդրադառնալով ցուցահանդեսում ներկայացված արխիվային լուսանկարների թեմատիկ ուղղություններին՝ Նարինե Նազարյանը նկատեց, որ ներկայացված են մոտ 8 տասնյակ աշխատանքներ՝ շեշտելով, որ թեմատիկ իմաստով դրանք բազմազան են: 

‹‹Այստեղ մենք ունենք լուսանկարներ ֆիլմերի նկարահանման հրապարակներից։ Մեր սիրված դերասաններն են ներկայացված: Վանաձորն այստեղ ներկայացված է շատ յուրօրինակ մի պատմությամբ. մենք ունենք մի լուսանկար, որն իրականում, երբ ներառում էինք մեր ցուցադրության մեջ, մեր էքսպոզիցիայում, մտածում էինք՝ ինչպես կընկալվի, կընդունվի հանրության կողմից, բայց ես վստահ էի, որ այս լուսանկարը հաղթող լուսանկար է ինչ-որ իմաստով, որովհետև շատ յուրահատուկ պատմություն է՝ տանիքում հավաքված մեքենան այնտեղից իջեցնելու գործընթացի մասին, և այս նկարի շուրջ իրականությունը փորփրելու, գտնելու գործընթացը մեզ տարավ դեպի Վանաձորի այն վայրը, որտեղ դա տեղի է ունեցել, մենք գտանք մարդկանց, որոնք ականատես են եղել այս գործընթացին։ Նրանք պատմել են՝ ինչ է իրականում կատարվել, ով է այն ինժեները, որը որոշել է տանիքում մեքենա ստեղծել, հավաքել զրոյից և ինչպես է իջեցվել և այլն››, - մանրամասնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը՝ կարծիք հայտնելով, որ լրատվականը մի գեղեցիկ պատմությամբ կներկայացնի նաև այդ լուսանկարի պատմությունը:

Վանաձորի համայնքապետի խորհրդական Արման Բերնեցյանն, իր հերթին, գնահատելով ցուցահանդեսի կարևորությունը և դրա նշանակությունը հատկապես համայնքի մշակութային կյանքի համար՝ նկատեց, որ ցուցահանդեսը Վանաձորում բավականին սպասված է և չափազանց կարևոր։ 

‹‹Չափազանց կարևոր է մի քանի ասպեկտով. առանձնացնելու ինչպես պատմությունը վավերագրելու, այնպես էլ որպես արվեստի նմուշ, իսկ մասնավորապես, վանաձորցիներիս համար այստեղ կան նաև Վանաձորը հիշեցնող նկարներ, հատկապես Վանաձորի երբեմնի արդյունաբերական անցյալի, նրա մշակութային կյանքի, որոնք մեր պատմության կենդանի վկաներն են։ Ինչ խոսք, սա մի կողմից մեզ խթանելու է ոչ միայն լավագույն ավանդույթները պահել ու զարգացնել, այլ նաև ես հատկապես կարևորում եմ մեր դաստիարակվող, կրթվող սերնդի համար, որովհետև իլյուստրատիվ այս միջոցները կրթության կարևոր մաս են կազմում՝ ավելի լավ յուրացնելու պատմության դասերը։ Իսկապես, սպասված ու գնահատելի ցուցահանդես է››,- ասաց Արման Բերնեցյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով ինչպես ցուցահանդեսի կազմակերպիչներին, այնպես էլ պատմությունը վավերագրողներին:

Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Գասպարյանը հատկապես կարևոր համարեց այն հանգամանքը, որ ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն մարզերում՝ այս դեպքում հասնելով Վանաձոր համայնքին:

‹‹Այս կերպ նաև հնարավորություն է տրվում մարզի երիտասարդներին, հատկապես՝ հաղորդակից դառնալու այն արվեստին ու մշակույթին, որին իրենք ականատես չեն եղել, միայն լսել են ու կարդացել պատմության դասագրքերում, իսկ այսօր հնարավորություն ունեն այստեղ տեսնելու այն վավերագրությունը, որը ներկայացնում է մեր անցած կյանքը, մեր ճանապարհը››,-նշեց Գասպարյանն՝ ընդգծելով, որ Լոռու մարզպետի աշխատակազմը շատ է կարևորում ‹‹Արմենպրես›› գործակալության դերակատարությունը առհասարակ լրատվական դաշտում՝ անկողմնակալ, անաչառ լրատվության ներկայացման առումով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում