Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանն արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին

3 րոպեի ընթերցում

Հովիկ Աղազարյանն արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին, որոնց պատճառով էլ նրան հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղազարյանը չի բացառել, որ իր հետ հարցազրույցների կամ զրույցների ժամանակ կարող էր ասել այնպիսի բաներ, որոնք կարելի էր չհրապարակել, սակայն վստահեցրել է, որ որևէ կերպ նպատակամղված պետական գաղտնիքի արտահոսք չի կազմակերպել։

«Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում պետական գաղտնիք և պետական կարևորության փաստաթուղթ։ Ես 6 տարվա մեջ երբևէ չեմ եղել այդ բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար, որովհետև դա արվում է գրավոր, դա արձանագրվում և ֆիքսվում է։ Ինչ վերաբերում է խմբակցության նիստերից ինչ-որ տեղեկության արտահոսքի, ապա ասեմ, որ, սիրելի լրագրողներ, բոլորդ գիտեք, որ ես միշտ հասանելի եմ, որովհետև կարևորում եմ ձեր աշխատանքը և բոլորիդ հետ զրուցել եմ։ Կարող է պատահել այդ զրույցների ընթացքում ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ նպատակամղված և պլանավորված արտահոսք եմ արել»,- ասաց Աղազարյանը։

Աղազարյանը զարմանք հայտնեց, թե ինչպես են իր անձնական նամակագրությունները հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։

«Իմ հեռախոսը, որն առգրավել են Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Քննիչը ասել էր, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։Ես հայտնել էի, որ հեռախոսի մեջ կան անձնական տվյալներ, որոնք չեմ ցանկանա հրապարակվեն։  Ասացին՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, Դուք գիտեք, թե ո՞ր պետությունում եք ապրում։ Ես էլ հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի հրապարակվի։ Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են և իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,- ընդգծեց Աղազարյանը։

Աղազարյանը նշեց, որ չի բացառում, որ իրավապահ մարմինները որոշեն միջնորդություն ներկայացնել իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար։ 

Ինչ վերաբերվում է իր գործունեությանը որպես անկախ պատգավոր՝ Աղազարյանը հայտարարեց, որ իր քվեարկությունները հիմնականում համընկնելու են ՔՊ խմբակցության որոշումների հետ, բացառությամբ չորս հարցերի՝ խաղաղության պայմանագիր, Անկախության հռչակագիր, Սահմանադրություն և առողջապահության համապարփակ ապահովագրության մասին նախագիծ։ 

«Այս հարցերում իմ դիրքորոշումը կարող է տարբեր լինել խմբակցության դիրքորոշումից»,- ասաց նա։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում