Մշակույթ

Ակրոպոլիսի թանգարանի ներկայացուցիչները Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանը կարևորել են Հին Հունաստանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը ՀՀ-ում

2 րոպեի ընթերցում

Ակրոպոլիսի թանգարանի ներկայացուցիչները Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպմանը կարևորել են Հին Հունաստանին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Ակրոպոլիսի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Կոնստանտինոս-Ավգուստոս Ռիզոսին և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Նիկոլայոս Ստամպոլիդիսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը, կարևորելով հարուստ մշակութային ժառանգություն ներկայացնող երկրների` Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցության հնարավորությունները, ընդգծել է այդ ուղղությամբ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտությունը՝ երկկողմ բարձր մակարդակով միջոցառումների կազմակերպման միջոցով։

Անդրադառնալով երկկողմ մշակութային համագործակցությանը` դեսպանն ընդգծել է հելլենիստական, նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական ժամանակաշրջաններին նվիրված փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումն ու այս համատեքստում առաջարկել դիտարկել հստակ գործողությունների ծրագրի մշակում` Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելով։

Ակրոպոլիսի թանգարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներն, իրենց ակնածանքն արտահայտելով հայ մշակույթին և պատմությանը նվիրված աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող ցուցահանդեսների նկատմամբ, կարևորել են նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման անհրաժեշտությունը նաև Հունաստանում, ինչպես նաև Հին Հունաստանի դասական և հելլենիստական ժամանակաշրջաններին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում