Քաղաքականություն

Աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», պետք է հաղթահարել այդ ընկալումը․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», պետք է հաղթահարել այդ ընկալումը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է հաղթահարի «ազգ-նահատակ» ընկալումը, որը ձևավորվել է միջազգային հանրության շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հատկապես մեր առաջադրած ազգային ռազմավարական խնդրի համատեքստում, որն է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևությունը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ։ Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց այն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ։ Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, եկա մի անխուսափելի եզրակացության․ մեր միջին վիճակագրական իմիջը աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝  աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ»։ Եվ, ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք «ազգ-նահատակ» լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ այս ընկալման հաղթահարման առաջարկվող տարբերակը եղել է «ազգ-բանակ» բանաձևի ընդունումը։

«Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակվել է և շարունակվում է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը «ազգ-բանակ» բանաձևն է, սակայն ես համոզված չեմ, որ սա ճիշտ է։ Իմ մտորումները բերում են նրան՝ ազգ-բանակն ազգ-նահատակ տրամաբանության շարունակության մեջ է: Եթե դու քեզ դիրքավորում ես որպես ազգ-բանակ, քո դեմ գեներացնում ես այլ բանակների: Ճիշտ օրակարգ է, որ պետք է ունենալ ուժեղ բանակ, սակայն պետք է հարցնել, թե ինչքա՞ն ու ումի՞ց ուժեղ բանակ ենք ցանկանում ունենալ: Քանի՞ երկրի բանակներից ուժեղ բանակ պետք է ունենալ, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների, այլեւ՝ բարեկամների՞ հետ է»,- ասաց Փաշինյանը։

Որպես լուծում՝ վարչապետն  առաջարկեց ազգ-նահատակ-ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար որդեգրել պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն իր ճանաչված տարածքի, շահերի համար:

«Հայաստանը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման համար: Պետք է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ, և դրանից առաջ անվտանգային բուֆերներ կան», - ընդգծեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում