ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ անցկացվել է Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը՝ մեկ ամիս տևողությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը ներկայացրել է Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Փառատոնին կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աննախադեպ է եղել հատկապես Magnum Photos գործակալության ներկայությունը երևանյան փառատոնին։ Magnum-ը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Այն լուսանկարիչների կոոպերատիվ է, որն այսօր ունի շուրջ 60 անդամ: Հիմնվելով հումանիստական արժեքների վրա՝ այն միակ խոշոր ֆոտոգործակալությունն է, որը մշտապես պահել է Հայաստանն իր ուշադրության կենտրոնում։
Փառատոնին «Հայաստանի քրոնիկոնը՝ Magnum-ի ֆոտոխցիկում» ցուցահանդեսում ներկայացվել են Magnum-ի ինը լուսանկարիչի մի խումբ լուսանկարներ, որոնք վավերագրել են Հայաստանը 20-րդ դարի վերջից մինչև մեր օրերը: Ընտրված լուսանկարներն արվել են Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։
Փառատոնի առանցքային միջոցառումներից է եղել «Երեք գույն՝ կանաչ, կարմիր, կապույտ. Հայաստանն ու Վրաստանը արդյունաբերական հեղափոխությունից մինչև խորհրդային օկուպացիա» ցուցահանդեսը, որը ներկայացրել է լուսանկարներ Հայաստանից և Վրաստանից և ընդգրկել է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև Խորհրդային Միության կողմից երկրների օկուպացիան։
Կարևոր ցուցահանդեսներից է եղել Պատրիկ Բիներտի «Քողարկված լեռան ստվերի տակ»-ը։ Պատկերների հավաքածուն միավորել է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են ամբողջ Հայաստանում: Պատկերները երկխոսություն են եղել դիմանկարների և բնապատկերների միջև՝ ծառայելով որպես տեսողական փոխաբերություններ հավաքական հիշողությունների բեկորների համար: Ցուցահանդեսը կենտրոնացել է նաև Արարատ լեռան վրա՝ որպես հայկական հավաքական ինքնության ազգային խորհրդանիշ։
Առանցքային ցուցահանդեսներից է եղել նաև Շալվա Ալխանաիձեի՝ Խորհրդային վրացական լուսանկարչության ազատ ոգին պատկերող «Դուշեթի ճանապարհին» և «Անձնագրային լուսանկար» շարքերը։ Ցուցահանդեսը ներկայացրել է Թբիլիսիի ֆոտոփառատոնը:
Կազմակերպվել են նաև «Հակոբ Հեքեյանի Երևանը» խորագրով ցուցադրությունը (համադրող՝ Վիգեն Գալստյան), որը ևս փառատոնի առանցքային ցուցահանդեսներից է։
Հատկանշական է եղել Dienacht Publishing-ի և Nizina նախագծի ներկայությունն անդրանիկ փառատոնին՝ իրենց լույսընծայած ամսագրերով։
Փառատոնի շրջանակում հայտարարվել էր նաև մրցույթ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։ Նրանք մրցել էին իրենց լուսանկարները Երևանի շենքերի պատերին հայտնվելու հնարավորության համար: Փակման արարողությանը հաղթողների լուսանկարները ներկայացվել են Կասկադ համալիրում։
Փառատոնը, որը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը, համադրել է Միրզոյան գրադարանը՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ։