ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերանայել ու նվազեցրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը, ինչպես նաև տնտեդսական աճի կանխատեսումը նվազեցրել է 5.1 տոկոսի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը շարունակվեց ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ պետական բյուջեի նախագծի փոփոխված տաարբերակը:
2025 թվականին պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ՀՆԱ-ի վերագնահատման, ի հայտ եկած նոր իրողությունները նախագծում արտացոլելու, ինչպես նաև բյուջեի մշակման հիմքում դրված նոյեմբերի 1-ի փոխարժեքով վերահաշվարկվելու նպատակով վերանայվել են 2025թ պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը:
«2025 թվականի պետկան բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով»,-ասաց Հովհաննիսյանը:
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով: Այդ նվազեցումը նախարարը պայմանավորեց ՀՆԱ-ի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ 25 տոկոս մակարդակի պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են 39.6 մլրդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1.6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհների ավելացումով, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ: Այլ եկամուտների 2.6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատմամբ, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ:
Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով:
«Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցմամբ՝ 48.3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Կառավարության պահուստային միջոցները, ըստ նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով:
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5.5 տոկոսի մակարդակում և կազմում է 604 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազեցվել է 5.4 մլրդ դրամով: