Միացյալ Նահանգներ

Բայդենը ներում է շնորհել որդուն՝ հակառակ նախկին խոստումներին

3 րոպեի ընթերցում

Բայդենը ներում է շնորհել որդուն՝ հակառակ նախկին խոստումներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, որը մեղադրվում է հարկային հանցագործությունների և զենքի մասին օրենքի խախտումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենի համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր ես ստորագրել եմ իմ որդու՝ Հանթերի ներումը։ Պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր ես ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և պահել եմ իմ խոսքը նույնիսկ այն ժամանակ, երբ տեսնում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրովի և անարդար կերպով հետապնդում», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենի կարծիքով՝ իր որդու հանդեպ հետապնդումները սկսվել են Կոնգրեսում իր քաղաքական հակառակորդներից մի քանիսի հրահրմամբ։ 

«Որևէ ողջամիտ մարդ, որը քննում է Հանթերի գործի փաստերը, չէր կարող որևէ այլ եզրակացության գալ, քան այն, որ Հանթերին առանձնացրել են զուտ այն պատճառով, որ նա իմ որդին է, ինչը սխալ է…. Փորձելով կոտրել Հանթերին` նրանք փորձեցին կոտրել ինձ, և հիմքեր չկան հավատալու, որ դա կավարտվի այսքանով: Արդեն բավական է», - հավելել է Ջո Բայդենը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Հանթեր Բայդենի դեմ դատավարության վրա ազդել է «զուտ քաղաքականությունը»՝ հանգեցնելով «արդարադատության սխալի»։

«Ես այս հանգստյան օրերին կայացրի այս (ներում շնորհելու) որոշումը, այլևս հետաձգելու իմաստ չկար։ Հուսով եմ, որ ամերիկացիները կհասկանան, թե ինչու է հայրը և նախագահը հանգել այս որոշմանը», - եզրափակել է Ջո Բայդենը:

Սեպտեմբերին Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկային հանցագործությունների բոլոր ինը կետերով: Դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այս մեղադրանքները ենթադրում են մինչև 17 տարվա ազատազրկում։

2024 թ. սկզբին Հանթեր Բայդենը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում արդեն դատապարտվել էր երեք դաշնային մեղադրանքներով՝ զենք պահելու գործով: Տվյալ դեպքում առավելագույն պատիժը 25 տարի ազատազրկումն է և 750 հազար դոլար տուգանքը, սակայն քանի որ նախագահի որդին նախկինում չի դատապարտվել օրենքի նման խախտումների համար, պատիժը պետք է լինի շատ ավելի մեղմ։

Ջո Բայդենը բազմիցս ասել էր, որ իր որդուն ոչ մի գործով ներում չի շնորհելու և շարունակելու է հարգել դատական ​​գործընթացը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում