Հայաստան

2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8 հազար էլեկտրական մեքենա

2 րոպեի ընթերցում

2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8 հազար էլեկտրական մեքենա

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է 2025 թվականին 8000 հազար էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սահմանել 0 տոկոս մաքսատուրք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։

Այս առաջարկը բխում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշումից, որը նախատեսում է Հայաստանի համար սակագնային արտոնություններ՝ 8000 տրանսպորտային միջոցի ներմուծման համար։

Նախագծով նախատեսվում է 8000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ներմուծում առանց մաքսատուրքի՝ 5000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր չունեն, 3000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր և երաշխավորում են տեխնիկական սպասարկում։ Շահառուները չեն կարող օգտվել միաժամանակ երկու տեսակի արտոնություններից։

Նախագիծը նախատեսում է արտոնությունները կիրառել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև տարեվերջ։

Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի Հայաստանում էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օգտագործումը, կնվազի արտանետումների քանակը՝ նպաստելով էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, կավելանա տրանսպորտային միջոցների գնման և սպասարկման մրցակցությունը։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ծախսեր պետական բյուջեից չի պահանջում։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նախատեսում է աջակցել Հայաստանի կառավարության՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման քաղաքականության նպատակներին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում