Վրաստան

Թբիլիսիում գիշերային ցույցերի ժամանակ ձերբակալվել է 107 մասնակից, տուժել է 10 ոստիկան

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում գիշերային ցույցերի ժամանակ ձերբակալվել է 107 մասնակից, տուժել է 10 ոստիկան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է 107 մարդու, տուժել է 10 իրավապահ, նրանցից մեկն այրվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ հղում կատարելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:

Բողոքի ակցիան մայրաքաղաքում վերսկսվել է նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում։ Ընդդիմությունը, նրանց ակտիվիստները և շարքային քաղաքացիները բողոքում են Վրաստանի իշխանությունների՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ՝ օրակարգից հանելու Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը։

Հաղորդվում է, որ ուժայինները ցուցարարներին ստիպել են նահանջել դեպի մետրոյի Ռուսթավելի կայարան և սկսել են բերման ենթարկել նրանց։

«Չնայած ՆԳՆ-ի բազմաթիվ ահազանգերին՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ ակցիան մեկ անգամ չէ, որ դուրս է եկել «Ժողովների և ցույցերի մասին» օրենքով սահմանված սահմաններից»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 107 ցուցարար վարչական կարգով բերման է ենթարկվել մանր խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։

«Ռուսթավելիի պողոտայում գտնվող անձինք իրավապահների ուղղությամբ տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկա, ապակե շշեր և երկաթե առարկաներ են նետել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վաղ առավոտից Ռուսթավելիում աշխատում են կոմունալ ծառայությունները, ապամոնտաժում են նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ առարկաներից կառուցված բարիկադների մնացորդները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում