ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից կհամաֆինանսավորի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամի չափով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նախագծով առաջարկում ենք ֆինանսավորել 20 համայնքների 29 սուբվեցիոն ծրագրեր»,-ասաց Խուդաթյանը:
Դա կուղղվի Արագածոտնի մարզի 1 ծրագրի, Արարատի մարզի 7 ծրագրի, Արմավիրի մարզի 3 ծրագրի, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի, Լոռու 4 ծրագրի, Շիրակի 7 ծրագրի, Սյունիքի 2 ծրագրի, Վայոց ձորի 4 ծրագրի ֆինանսավորմանը: Դրանք կուղղվեն գազաֆիկացման, ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման, փողոցների նորոգման և այլ աշխատանքների:
2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ընդհանուր առմամբ ուղղվել է 22 մլրդ դրամ: