ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արարատ», «Արամ» և մի շարք այլ վարկանիշային ֆիլմերից հայտնի ֆրանսաբնակ դերասան, թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը չի բեմադրում ներկայացումներ, որոնք հանդիսատեսին հնարավորություն կտան մոռանալ առօրյա հոգսերը. դա նրա թատրոնը չէ։ Աբգարյանի բեմադրություններում մեծ տեղ են զբաղեցնում անհատը, նրա սեփական ցավն ու կյանքի պատմությունը, որոնք առավել հարստացնում են յուրաքանչյուր ներկայացում։
Սիմոն Աբգարյանը Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով դեկտեմբերի 5-6-ին առաջին անգամ Հայաստանում կներկայանա որպես բեմադրիչ, թատրոնի դերասան՝ հանդիսատեսի դատին հանձնելով ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը։ Թատերասերները կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով ուղեկցվող ներկայացումը կարող են դիտել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Սիմոն Աբգարյանն ասաց՝ թատրոնը դիմադրող, ուշիմություն, ուժ տվող և ազատ վայր է։ «Թատրոնի մարդիկ աղքատ են և ազատ, քանի դեռ չեն ենթարկվում դրամին, սակայն եթե գումար չլիներ, մենք չէինք կարողանա գալ, և լավ է, որ պետությունները մեզ նման հնարավորություն են տալիս։ Ուրախ եմ Հայաստան այցելելու համար, քանի դեռ ստեղծագործում եմ։ Զբոսաշրջային հատվածն արդեն անցել է, ես ցանկանում եմ գալ իմ հայրենիք, աշխատել, չնայած՝ Ֆրանսիան ու Լիբանանը ևս իմ հայրենիքն են։ Շառլ Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոս հայ է, հարյուր տոկոս՝ ֆրանսիացի։ Իմ դեպքում մի քիչ ավելի բարդ է»,-նշեց արտիստը։
Նա կարևորեց այն հանգամանքը, որ թատրոնը համախմբում, միավորում է մարդկանց, ազգերին։ «Կարևոր չէ Լիբանանից ենք եկել, թե այլ տեղից, մենք մեկ ազգ ենք։ Ես հավատում եմ մարդկությանը, հակառակ դեպքում կթողնեմ ամեն ինչ և կնետվեմ պատուհանից, և կյանքն արժեք չունի, եթե մենք պարզապես միասին քեֆ անենք»,-հավաստիացրեց Աբգարյանը։
Դերասանը ժամանակին աշխատել է թատրոնի և կինոյի հանրահայտ ռեժիսոր Պետեր Բրուկի հետ, որն ասել է՝ անընդհատ պետք է ինքդ քեզ հարց տաս, թե ինչպես կարող ես օգուտ տալ մարդկությանը։ Աբգարյանն այդ հարցն իրեն տալով է առաջ գնում և հավաստիացնում՝ թատրոնը գործ չէ, իր կյանքն է։ Նա փորձում է իրերին նայել մարդկանց օգտակար լինելու տեսանկյունից և իր տեսածը բեմում վերածել բանաստեղծական գործի։
Նա կարծում է՝ ստեղծագործողը պետք է հավատ ունենա և երախտագիտության զգացում, որ դեռ թատրոն կա, որ պետությունն աջակցում է թատրոնին։ «Պետք է կառուցել, երկիրն ամրացնել, իսկ արվեստն ազգն ամուր դարձնելու կարևոր միջոցներից է։ Արվեստագետները նման են իշխանաձկան, եթե ջուրն աղտոտվի, առաջինը նա կմեռնի։ Մեր զինվորները, դիվանագետները, ոստիկանները, ժողովուրդն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում այդ ջրերի մաքրության պահապաններ են»,-ընդգծեց Սիմոն Աբգարյանը։
Անդրադառնալով «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմանը՝ ռեժիսորն ասաց՝ անշուշտ բեմադրության մեջ նաև իր անձնական պարտությունն է։ «Հետաքրքիր չէ, որ մեկը բեմ բարձրանա ու արտասանի՝ առանց իր մարդկությունն առաջ բերելու։ Ես կերպարով չեմ հետաքրքրում, ինձ անձն է հուզում, դերասանների կյանքը՝ չնայած հասկանում եմ, որ նրանց գաղտնի պարտեզը պետք է գաղտնի թողնեմ։ Հետաքրքրված եմ դերասաններով, ոչ թե մեկնաբանություններով ու դերերով, ես մարդկություն եմ ուզում»,-նշեց դերասանը։
«Այն, որ ես հայ եմ, զգացվում է իմ գործերում։ Երբեք չի պատահել, որ ստիպված լինեմ փոխել ազգանունս հանուն ինչ-որ բանի։ Հնարավոր չէ փոխել էությունդ։ Այն ես՝ ինչ կաս։ Կարող ես մազերդ ներկել, իսկ ի՞նչ ես անելու դեմքիդ հետ։ Ֆրանսիայում երբեք չեմ բախվել այդ խնդրին։ Անունը փոխել, որ կյանքը, ասպարեզը զարգանա՞ն։ Թող ասպարեզը չորանա, բայց ես իմ անունն ունենամ»,-շեշտեց արտիստն ու հավաստիացրեց՝ չես կարող մոռանալ, թե ով ես, որտեղից ես եկել, եթե արվեստագետ ես։
Դերասանը թատրոնում կարևորում է լռությունը։ Հիշեցնում՝ երբ ներկայացումն ավարտվում է, դահլիճում լռություն է տիրում, և հանկարծ հանդիսատեսը սկսում է ծափահարել։ Ըստ Աբգարյանի՝ այդ լռությունը վկայում է, որ մի բան պատահել է։
Սիմոն Աբգարյանին հասարակության լայն շրջանակը ճանաչեց Ատոմ Էգոյանի «Արարատ» և Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմերից։ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» կինոնկարում Աբգարյանը կերտել է Արշիլ Գորկու կերպարը, իսկ «Արամ» ֆիլմում մարմնավորել փարիզաբնակ Արամ Սարգսյանին, որը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Արամի կերպարը շատ է սիրվել ու հիշվում է մինչ օրս։ Աբգարյանը կարծում է՝ Արամը վիրավոր հայ ազգի ախտանիշն ու խորհրդանիշն է։ «Ափսոս, որ մենք դրան հասանք։ Որպես ազգ ցանկանում ենք առաջ գնալ՝ առանց մոռանալու, թե ինչ է մեզ պատահել, իսկ այն, ինչ պատահել է մեզ, փոքր բան չէ, մենք կոտորված ժողովուրդ ենք։ Ազգերն իրենց մարդկության հանդեպ պարտվել են, պարտություն է այն, որ զենք են վերցնում ու վրեժ լուծում»,-ասաց Աբգարյանը։
Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը վերջին տարիներին Եվրոպայի ամենատիտղոսավոր ներկայացումներից է։ «Մայր թատրոնի որդեգրած հիմնական քաղաքականության կարևոր ճյուղերից է միջազգային համագործակցությունը, որը չի ենթադրում՝ թատրոնը պետք է մեկ ներկայացմամբ գնա ինչ-որ երկիր, կամ՝ հակառակը. դա տևական աշխատանք է։ Աշխատելով Սիմոն Աբգարյանի և նրա թատերախմբի հետ՝ մենք իրականացնում ենք թատերական փոխանակում։ Սա է մեր հիմնական նպատակներից մեկը»,-շեշտեց Մկրտչյանն ու հավելեց՝ այս տարի չի հաջողվել փառատոնն ավելի լայն մասշտաբով իրականացնել և շատ թատերախմբերի հրավիրել, սակայն կարևորն այն տոնն է, որը հանդիսատեսին են նվիրելու դեկտեմբերի 5-6-ին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծեց՝ ներկայացումը բարձրարժեք է։ Նա շեշտեց՝ Աբգարյանի բեմադրությունը եզակիներից է, որ այդքան մեծ արձագանք է գտել Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս։ «Ներկայացման հիմքում հին հունական առասպելն է, և երբ տեսնում ես այդ փոխակերպումները, հասկանում ես, թե որքան կարևոր, կենտրոնական է բեմադրիչի աշխատանքը։ Բեմադրության մեջ պարային, երաժշտական և արվեստի այլ ճյուղերի խաչաձևումն է, և շատ կարևոր է, որ ոլորտի մասնագետները տեսնեն այդ ամենը։ Աբգարյանն այս ներկայացման միջոցով մեզ մեծ դասեր է տալիս»,-ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Սիմոն Աբգարյանը թանկագին բարեկամ է, սիրելի ընկեր է։ Չի պատահել, որ նրանք քայլեն, և մարդիկ չմոտենան ու Աբգարյանի հետ լուսանկարվելու ցանկություն չհայտնեն։ Դանիելյանը հավաստիացմամբ՝ նա հասանելի մարդ է, հանգիստ կարող է զրուցել մարդկանց հետ, և այդ պարզության մեջ Աբգարյանի մեծությունն է։
Խոսելով Սիմոն Աբգարյանի՝ Շառլ դը Գոլի դերը կերտելու մասին՝ փոխնախարարը, որը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, ասաց՝ Շառլ դը Գոլը Ֆրանսիայի ամենամեծ հերոսներից է, և նրա դերն ամեն մեկին չէր վստահվի, նրան պետք է մարմնավորի միայն հզոր արտիստ, որը վայելում է հանդիսատեսի համակրանքը, և այդ կերպարը վստահվել է Սիմոն Աբգարյանին։
Դանիել Դանիելյանը վստահեցրեց, որ ֆիլմի փառատոնային կյանքից հետո այն անպայման 2025-ին կցուցադրեն Հայաստանում։
Փառատոնի կայացմանն ու ներկայացումը Հայաստան բերելուն աջակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն ու Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը։ Դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարն ընդգծեց, որ փառատոնն ուրույն տեղ ունի Հայաստանի մշակութային կյանքում և հանդիսատեսին հնարավորություն է տալիս բացահայտելու համաշխարհային տարբեր թատերախմբերի գործերը։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարի փառատոնը հյուրընկալել էր Փարիզի Օդեոն թատրոնի ներկայացումներից մեկը, իսկ այս տարի խորհրդանշական է հյուրընկալել Սիմոն Աբգարյանին և նրա թատերախմբին, քանի որ Աբգարյանը Հայաստանն ու Ֆրանսիան կապում է պատմական ու խորը կապերով։
«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։
Ներկայացումը, որ մատուցելու է Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) թատերախումբը, ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանի։ Սիմոն Աբգարյանից բացի ներկայացման մեջ խաղում են նաև նրա կինն ու որդին։