Հայաստան

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2 րոպեի ընթերցում

Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացուց 2024 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխվել համապատասխան բուժհաստատություն:

Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև՝ թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նշված անձին ձերբակալելու մասին: 

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն: 

 Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում