Վրաստան

Վրաստանում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելը երկրի համար մնում է առաջնահերթություն

2 րոպեի ընթերցում

Վրաստանում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելը երկրի համար մնում է առաջնահերթություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ուղին դեպի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցություն կարևոր առաջնահերթություն է մնում  հանրապետության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Մակա Բոչորիշվիլին՝ նոր կառավարության հաստատման ընթացակարգերի շրջանակներում ելույթ ունենալով խորհրդարանում։

«Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխան՝ Վրաստանը շարունակում է եվրաատլանտյան ինտեգրման իր անշրջելի ուղին: Համապատասխանաբար, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները կլինեն կարևոր առաջնահերթություն», - Բոչորիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի թեկնածուն նաև հայտարարել է, որ երկրի կառավարությունը նպատակ ունի վերագործարկել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Թբիլիսիի համար։ 

«Վրաստանի կառավարության համար առաջնահերթություն է և առանձնապես կարևոր է ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, այն բոլոր առաջնահերթ ուղղությունները, որոնք սահմանված են Ռազմավարական գործընկերության խարտիայում», - հայտարարել է Բոչորիշվիլին։

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նոյեմբերի 25-ին սկսել է աշխատանքը, որից հետո կառավարությունն ավտոմատ կերպով վայր է դրել լիազորությունները։ Նոր գումարման խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում