Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին:

«Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ: Մանավանդ, ինչպես ասել եմ՝ տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված: Կադրային այդ փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ բոլոր գործընկերների, այդ թվում՝ հրաժարական տված անձանց աշխատանքը գնահատում է, բոլորն իրենց էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում:

«Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որ 2018 թվականից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո և մինչև օրս էլ, և այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա վստահեցմամբ՝ գործընկերները, որոնք թողել են իրենց պաշտոնը, բոլորն իրենց պաշտոններում արել են համակարգային փոփոխություններ: Վարչապետն օրինակներ բերեց կոնկրետ ոլորտներում, օրինակ՝ ՆԳՆ-ն, ոստիկանությունն այսօր վստահաբար այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020-ին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետ, հետագայում՝ ներքին գործերի նախարար: 

«Մեր գործընկերները համակարգային շատ լուրջ փոփոխություններ են իրականացրել: Այդ առումով լավ էին աշխատում: Իմ ընկալմամբ՝ ղեկավարը մի կողմից պետք է համակարգն առաջնորդի և այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա համակարգը տեսնել կողքից և հետագա համակարգային փոփոխությունն իրականացնել: Իմ դիտարկումը ցույց է տալիս, որ պետական կառավարման համակարգում գալիս է մի պահ, երբ փոփոխություններ բերող ղեկավարները գուցե նաև անխուսափելիորեն մի X պահից դառնում են հենց համակարգի մաս, այսինքն՝ փոփոխությունների, բարեփոխումների պրոցեսը նույն տեմպով շարունակելը հնարավոր չի դառնում: Որպեսզի համակարգը փոխենք, պետք է համակարգի թերությունները տեսնենք, խորանանք դրանց մեջ: Հայացքի սրությունը կարող է կորել: Բոլորի հետ, երբեմն ինձ հետ ևս լինում է, որ թերությունը տեսնելով կամ իմանալով, այնուամենայնիվ, կտրուկ գործողություններից մի x պահի սկսում ենք խուսափել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա հասկանալի, բայց ոչ ,օգտակար գործելակերպ է:

Ըստ նրա՝ համակարգերի ներսում հարցադրումներն անընդհատ սրելու հնարավորություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև դա է ապահովելու փոփոխությունների շարունակականությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից: Որոշ պաշտոններում նոր նշանակումներ արդեն արվել են:

Հայերեն

Մեկնարկում է ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը

Փորձ էր արվում Երևանում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց․ քաղաքապետ

Մեքսիկայի նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի ծանր հետևանքների մասին

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ տրանսպորտային ոլորտում իրականացվող փոփոխություններին աջակցելու համար

Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

«Նոր գիրք»-5/25. Քրիստի, Գոբետտի, Ռիցարդի, Բարխուդարյան

Կանադան պատասխան 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող պարենի, զենքի, մեքենաների, ալկոհոլի նկատմամբ

Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ