Վրաստան

Վրաստանում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը որոշել են առանց նախագահի մասնակցության

2 րոպեի ընթերցում

Վրաստանում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը որոշել են առանց նախագահի մասնակցության

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին կանցկացվի տասնմեկերորդ գումարման առաջին նիստը: Նա նաև հայտնել է պատգամավորների առաջիկա շաբաթվա օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

«Քանի որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի նշանակում խորհրդարանի նիստը, որտեղ կճանաչվեն նրա լիազորությունները, Սահմանադրության համաձայն՝ առաջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց։ Մենք հետևում ենք Սահմանադրության պահանջներին և առաջին նիստը կանցկացնենք նոյեմբերի 25-ին», - ճեպազրույցում ասել է նա։

Նա հայտնել է, որ այս նիստում կստեղծվեն խորհրդարանական հանձնաժողովներ և կընտրվեն դրանց նախագահները։ Կկայանա նաև խորհրդարանի նախագահի ընտրությունը, որի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է Պապուաշվիլիի թեկնածությունը։

«Առաջիկա խորհրդարանական շաբաթվա ընթացքում կհաստատվի վարչապետի պաշտոնի համար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, որը կներկայացնի կառավարության նոր կազմը: Այնպես որ, շաբաթվա վերջում մենք կունենանք հաստատված կառավարություն», - ասել է Պապուաշվիլին։

150-տեղանոց խորհրդարան անցած ընդդիմադիր չորս կուսակցությունների 61 պատգամավորները հրաժարվում են մանդատներից՝ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները համարելով իշխող կուսակցության կողմից կեղծված, և պահանջում են նոր ընտրություններ նշանակել։

Ընդդիմադիրները հայտարարել են նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ակցիայի մասին և սպառնել են խափանել բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում