Մշակույթ

Պահերը՝ օբյեկտիվից ներս, ժամանակից դուրս. Դավիթ Հակոբյան

5 րոպեի ընթերցում

Պահերը՝ օբյեկտիվից ներս, ժամանակից դուրս. Դավիթ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի աշխատանքներին, հավանաբար, հանդիպել եք առանց իմանալու՝ ով է հեղինակը։ Նկարների վրա նա չի ցանկանում նշել իր անունը. ցանկության դեպքում դժվար չէ գտնել հեղինակին։ 

Նախագահներ Սերժ Սարգսյանի (2008-2018), Արմեն Սարգսյանի (2018-2022), հիմա արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անձնական լուսանկարիչն է. «Իսկ առաջին աշխատավայրս «Արմենպրես»-ն է եղել 2007 թվականից։ Դե, «Արմենպրես»-ը մեզ համար դարբնոց է, «հայրական տուն»։ 

Լուսանկարիչն իր ամենասիրելի նկարներից մի քանիսը և ստեղծագործական ուղին ներկայացրել է «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում։


Նուրսուլթան Նազարբաև, 2017

Շատ քաղաքական գործիչների եմ նկարել։ Նախագահ Վլադիմիր Պուտինից Օբամա, Թրամփ, սակայն Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարն էր, որից հետո «քնեցի-արթնացա», հասկացա, որ հայտնի եմ։ Նկարը ամենախոշոր լրատվական կազմակերպությունների էջերում էր։ 



Տաթևի վանք, Սյունիքի մարզ, 2023

Լուսանկարների 6 պատկերագրքեր ունեմ։ Դրանցից մեկը նվիրված է Հայաստանի և Արցախի եկեղեցիներին։ Նկարահանումներից մեկի ժամանակ, երբ Տաթևի վանքում էինք, Հայր Միքայելը մոտեցավ։ Զրուցեցինք, որոշեցինք լուսանկարներ անել։ Վերջին շրջանի իմ ամենասիրելի նկարներից է։

IMG_1782.JPG
Արցախ, 2015

Բանակային թեման իմ լուսանկարներում առանցքային է։ Հատկապես այս նկարը շատ տարածվեց պատերազմների ընթացքում։ Թեպետ 2015 թվականին էի նկարել, երբ պատերազմները չէին եղել, զինվորները ժպտում են, բայց հիմա այս նկարը տխուր հիշողություններ է արթնացնում։ Երբ հարցնում են՝ ուրա՞խ եմ, որ նկարս հայտնի է դարձել, միշտ ասում եմ, որ դա այն շրջանում է եղել, որ չեմ կարող ուրախ լինել։



Արարատ լեռը՝ Խաչիկ գյուղից

Մյուս լուսանկարների պատկերագրքերս նվիրված են Երևանին, Արցախին, բանակին՝ վերնագրված «Հողի դողը ոտքերի տակ», բնապատկերներին՝ «Armenia. untouched» և  Արարատ լեռանը։ Արարատի  լուսանկարներից ամենասիրելին առանձնացնելը շատ դժվար է, բայց ինձ համար յուրահատուկ է Խաչիկ գյուղից նկարածը։ Դրանում 4 տարբեր շերտեր կան։ Ամեն շերտը մի պետության տարածքում է՝ Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա։ Ստացվում է, որ մի նկարում 4 պետություն է երևում։

IMG_1784.JPG

Սևանա լիճ, փետրվար, 2023

Սառած Սևանը «Armenia. untouched» պատկերագրքից է։ Մի քանի տարի շարունակ նույն ժամանակաշրջանում նկարել եմ Սևանը։ Մի տարի շատ սառած էր, ամբողջովին՝ սառույց, իսկ այս տարի լավագույն ժամանակաշրջանը ընտրեցի, սառույցը հալվում էր արդեն։



Սուրբ Ղազանչեցոց, Շուշի, 2019

Նկարում կինս ու դուստրս են։ Իրենք շատ նման էին նստել խորաններին պատկերված Աստվածածնի նկարին։ Կարծես նույն պատկերն էի նկարում այլ դիտանկյունից։ Շուշի վերջին այցիս ժամանակ եմ նկարել։ 2019 թվականին ինձ համար սովորական նկար էր, ժամանակի ընթացքում այլ խորհուրդ ստացավ։

IMG_1783.JPG

Հունվարի 28, 2023թ.

Երբ նույն միջոցառմանը շատ անգամներ ես ներկա լինում, գիտես՝ ինչ ես նկարելու և որ դիտանկյունից, ստեղծագործելու տեղ չի մնում։ Բանակի օրվան նվիրված հերթական միջոցառմանը, երբ պատվո պահակախմբի զինվորականների կողքին հյուրերին դիմավորող աղջիկներ կային, այդ կոնտրաստը նկատեցի։ Դասավանդելիս միշտ ուսանողներիս եմ ասում, որ փորձեն տեսնել այն, ինչը առաջին հայացքից չի երևում։

IMG_0547.JPG

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրին նկարելը երազանք էր։ Շատ հնարավորություններ եղան լեգենդին տեսնելու։ Մեծ պատիվ էր ամեն ստացված լուսանկարը։ Ի դեպ, Ազնավուրը նաև սուր միտք ուներ։ Մի անգամ նրա ձայնասկավառակներից էին տվել, որ խնդրեմ՝ ստորագրի։ Ազնավուրը վերցրեց, «Ասիգա պիրատ է» ասաց։



Արթուր Ալեքսանյան, Ռիո, 2016

Սպորտային իրադարձություններից ամենանշանավորը, որը նկարել եմ Արթուր Ալեքսանյանի Օլիմպիական չեմպիոնությունն էր։ Չգիտեի՝ ուրախանա՞մ, թե՞ նկարեմ։ Պահը չկորցնել որպես լուսանկարի՞չ, թե՞ որպես հանդիսատես։ Այդ պահին կարևոր էր նաև հասցնել նկարել նախագահին, բայց կիսատ էին մնում իմ էմոցիաները։ 

Երբեմն պետք է լինում իրավիճակին չնայել օբյեկտիվից, այլ մի կողմ դնել տեսախցիկը և ապրել։

Հայկուհի Ղուլյան 

Նարինե Ղալամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում