ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս-ուկրաինական հակամարտության վրա բավականին մեծ ազդեցություն ունեն արտաքին տարաբնույթ գործոններ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, ինչը կարող է փոխել խաղի կանոնները, առավել ևս, որ Բայդենի վարչակազմը ձգտում է տվյալ հակամարտության շրջանակում Ուկրաինայի դիրքերը բարելավել, քանի որ հունվարից հետո, երբ Թրամփը սկսի պաշտոնավարել, հնարավոր է բանակցային գործընթացի մեկնարկ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ներկա փուլին և հնարավոր զարգացումներին։
«Բանակցություններն, ըստ ամերիկյան կողմի, պետք է սկսվեն՝ բացառելով Ուկրաինայի լիակատար ջախջախումը։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան փորձում են ամրապնդել Կիևի դիրքերը, առավել ևս, որ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններ հնչում են ինչպես Արևմուտքից, այնպես էլ Ռուսաստանից։ Այդ մասին է վկայում նաև ՌԴ նախագահի և Գերմանիայի կանցլերի վերջին հեռախոսազրույցը։ Դա ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները փորձում են գտնել շահերի միջև այն կետերը, որոնց հիման վրա կարող են բանակցել և գոնե կանխել հետագա պատերազմական գործողությունները»,- ասաց Դունամալյանը։
Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, որ նա կարող է մեկ օրում ավարտել ռուս-ուկրաինական հակամարտությունը, մինչդեռ դեմոկրատները նրան թողնում են ծանր ժառանգություն և հնարավոր էսկալացիա՝ կանաչ լույս վառելով Ուկրաինայի առջև, որպեսզի հեռահար բալիստիկ հրթիռներով հարվածի Ռուսաստանի թիկունքին, Դունամալյանն ընդգծեց, որ չնայած տարաձայնություններին՝ դեմոկրատների ու հանրապետականների միջև այդուհանդերձ կա ընդհանուր շահ, որպեսզի տվյալ հակամարտության համատեքստում բանակցային սեղանի շուրջ միջնորդ ԱՄՆ-ի ներկայությունը լինի ավելի ազդեցիկ։
«Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ՌԴ-ին հեռահար հրթիռներով հարվածելու հեռանկարը բերելու է միջուկային բախման։ Իհարկե, կլինեն հակահարվածներ ռուսական կողմից, սակայն դա չի հանգեցնի ավելի մեծ էսկալացիայի, քանզի Արևմուտքն ու ՌԴ-ն հույս ունեն, որ կարող են լինել բանակցություններ, ուստի փորձում են այդ բանակցություններից առաջ իրենց դիրքորոշումները հստակեցնել։ Դա նաև սպառնալիքի լծակ է, եթե Ռուսաստանը հրաժարվի բանակցություններից։ Մոսկվան նույնպես իր ռազմական ինտենսիվ գործողություններով փորձում է ստիպել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գալ բանակցությունների, որովհետև արդեն տեսանելի է, որ Արևմուտքը, Ուկրաինան մի կողմից և Ռուսաստանը մյուս կողմից տնտեսական ու մարդկային ռեսուրսների տեսանկյունից կրել են շատ մեծ կորուստներ և արդեն հստակ գիտակցում են, որ պետք է հասնեն գոնե հրադադարի»,- ասաց քաղաքագետը։
Դունամալյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոններ։ Նախ՝ ով կամ ովքեր են լինելու միջնորդ հնարավոր բանակցություններում և որ հարթակներում են տեղի ունենալու այդ բանակցությունները։
«Եթե կողմերն ընդունեն թուրքական միջնորդությունն ու ստամբուլյան հարթակը, ապա հարց է, թե այդտեղ ում դիրքերն են ավելի ուժեղ՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի։ Մյուս գործոնը կապված է այն կետերի հետ, որոնք առնչվելու են հակամարտող կողմերի ներկայացրած երաշխիքներին։ Ռուսաստանի համար կարևոր երաշխիքներ են, որպեսզի Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, նվազեցնի ռազմականացման մակարդակն ու պահպանի չեզոքություն, իսկ Կիևի համար երաշխիք է նախևառաջ անվտանգությունը, որ ՌԴ-ն չի շարունակի մարտական գործողությունները։ Այստեղ կարևոր է նաև այն, թե ով կամ ովքեր են երաշխավորելու խաղաղությունը՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան, Չինաստանը և այլոք։ Դեռ խաղաղության երաշխավոր չկա, նույնիսկ չի երևում այդպիսի դերակատար»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե անգամ լինեն բանակցություններ, դրանք կկրեն ոչ թե փաթեթային, այլ փուլային բնույթ և չեն ավարտվի մեկ հանդիպմամբ, այլ կլինեն շարունակական։ Հնարավոր է նաև այն տարբերակը, որ Ռուսաստանը ոչ թե անմիջականորեն ինչ-որ շրջանակային համաձայնագիր ստորագրի Ուկրաինայի հետ, այլ համագործակցի և համաձայնության գա այլ դերակատարների հետ։ Դունամալյանի կարծիքով՝ այս փուլում դժվար է ակնկալել հակամարտության համալիր հանգուցալուծում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված հեռահար հրթիռներն օգտագործել Ռուսաստանի թիկունքին հարվածներ հասցնելու համար։ Վաշինգտոնն այդ որոշումը կայացրել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից երկու ամիս առաջ։ Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը կփոխի Բայդենի ընդունած որոշումը։ Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ֆինանսական և ռազմական օգնության մասշտաբները և հայտարարել է, որ մեկ օրում կդադարեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը։