ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Վրաստան. 100 տոկոս ձեռարվեստ» խորագրով ցուցադրությանը հնարավոր է գտնել երկու երկրների առանձնահատկություններն ընդգծող իրեր՝ զարդեր, հագուստ, տիկնիկներ, արվեստի գործեր, որոնք յուրահատուկ են և ինքնատիպ։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվի նաև հայկական և վրացական ուտեստների 1-օրյա համատեղ ցուցադրություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, երկու երկրների մշակույթը հանրահռչակելու նպատակով կազմակերպված ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 21-ին «Մեգերյան կարպետ»-ում։
Բացմանը ցուցասրահ էր այցելել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հաճախ են կազմակերպվում հայ-վրացական համատեղ միջոցառումներ՝ ժողովուրդների մակարդակով։ «Այստեղ արվեստագետներն իրենց արտադրությունն են ներկայացնում, ձեռագործ աշխատանքները։ Կա նաև գաստրոնոմիական մաս, ինչը նույնպես մերձեցնում է մեր ժողովուրդներին։ Մենք ունենք ավանդական եղբայրական հարաբերությունների հազարամյա պատմություն, և այդ պատմությունը հնարավորություն է տալիս միմյանց հետ կիսելու փորձը։ Ցուցադրությունն այս հրաշալի տարածքում քայլ է եղբայրական հարաբերությունների խորացման ուղղությամբ»,-նշեց դեսպանը։
Նա կարծում է՝ երկու երկրների մշակույթների միջև ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ կան. հիմնական տարբերությունը գույներն են։ Խոսելով խոհանոցի մասին՝ Շարվաշիձեն ասաց՝ սիրում է հայկական ուտեստները, սակայն իր համար առանձնահատուկ են խորովածը, տոլման, խմիչքներից՝ հայկական կոնյակը։
Ցուցահանդեսի տաղավարներից մեկում տեղ են գտել Գյումրիից Երևան ժամանած նկարիչներ, քանդակագործներ և զարդագործներ Աշոտ և Մամիկոն Միքայելյանների աշխատանքները։ Եղբայրները խոստովանեցին՝ այս փուլում ստեղծագործելիս նրանց ոգեշնչում են կանայք։ «Ոգևորում են նաև բնությունը, տիեզերքը, մարդ արարածը»,-ասաց Աշոտ Միքայելյանը։
Եղբայրները մի շարք ցուցահանդեսների են մասնակցել և կարևորում են նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս հաղորդակցվել մարդկանց հետ, լսել դրվատանքի խոսքեր, երբեմն՝ քննադատություններ, որոնցից հետևություններ են անում։ «Եթե ստեղծագործողն ասելիք ունի և կարող է ներկայանալ հանրությանը, պետք է նաև նման հարթակներում լինի։ Արվեստասերների հետ անմիջական կոնտակը կարևոր է, հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են մտածում»,-նշեց Մամիկոն Միքայելյանը։
Չի բացառվում, որ ապագայում երիտասարդները Գյումրիին նվիրված որևէ շարքով ներկայանան։
Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ:
«Տերյան» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Օվսաննա Մարգարյանն ընդգծեց՝ «Հայաստան-Վրաստան. 100 տոկոս ձեռարվեստ» ցուցադրությունն ուղղված է երկու երկրների մշակույթների ճանաչելիության բարձրացմանը։ Նա ընդգծեց՝ դեկորատիվ-կիրառական արվեստից, ասեղնագործությունից, կերամիկայից, տեքստիլից բացի ներկայացվելու են նաև հայկական և վրացական համեղ ուտեստներ, նախատեսվում է խոհարարական մրցույթ։
«Ծրագրին մասնակցում են նաև արցախցի վարպետներ, որոնք ներկայացնում են արցախյան համեղ քաղցրավենիքները՝ շոկոլադներ և այլն»,-շեշտեց Մարգարյանն ու հավելեց՝ միջոցառումն անցկացնում են «Մեգերյան կարպետ»-ում, քանի որ այն լավագույն վայրերից է, որն ամփոփում է հայկական մշակութային ժառանգությունը՝ գորգարվեստը, ձեռարվեստը։