Հայաստանն ու Ռուսաստանը հստակեցնում են «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիրի գործունեության պայմանները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները նախատեսում են ստորագրել համաձայնագիր, որը կհաստատի Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիրի գործունեության պայմանները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։
«Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիրը, որը հիմնադրվել է «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկության կողմից, իր գործունեության շրջանակում կիրականացնի կրթական ծրագրեր երկու կրթական չափորոշիչներով. Հայաստանի պետական կրթական չափորոշիչներով՝ ուսուցումը կանցկացվի հայերենով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ։ Ռուսաստանի դաշնային պետական կրթական չափորոշիչներով՝ ուսուցումը կանցկացվի ռուսերենով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ։
Այս մոդելը հնարավորություն կտա զարգացնել օտար լեզուների խորացված ուսուցում՝ նպաստելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիների կրթական զարգացմանը։
Համալիրը կընդունի երեխաների՝ անկախ քաղաքացիությունից՝ հետևյալ պայմաններով. Հայաստանի պետական ծրագրերով կսովորեն Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների երեխաները։
Ռուսաստանի դաշնային ծրագրերով կսովորեն Հայաստանում բնակվող Ռուսաստանի, այլ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները։
Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներին, որը ներառում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդումը։