Երևանում կայացել է «Կայուն հաջողություն. շվեդական «նոու-հաուն» առևտրի և զարգացման համագործակցության ոլորտում» ֆորումը
2 րոպեի ընթերցում
![Երևանում կայացել է «Կայուն հաջողություն. շվեդական «նոու-հաուն» առևտրի և զարգացման համագործակցության ոլորտում» ֆորումը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/20/vAqiM4GlglPhQlhNieu8A1dXNp3TEv5tCVVk6pa5.webp)
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը Երևանում անցկացրել է «Հաջողություն կայուն զարգացման ճանապարհին» ֆորումը, որին մասնակցել են շուրջ 80 մասնակիցներ, այդ թվում՝ գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, զարգացման ոլորտի մասնագետներ և կայունության և բնապահպանության ոլորտի առաջատարներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից, քննարկվել են կայունության, առևտրի և տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:
«Ֆորումի երկու պանելային քննարկումներում ընդգծվեց Շվեդիայի առաջատար դերը կայուն զարգացման ոլորտում և ներկայացվեց, թե ինչպես կարելի է նորարարական մոտեցումները կիրառել առևտրի և բիզնեսի ոլորտում՝ ապահովելով տնտեսական աճ։ Շվեդական Epiroc AB և Volvo Construction Equipment ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրին իրենց փորձը՝ կապված հանքարդյունաբերության և շինարարության կայուն լուծումների հետ՝ համաձայն ԵՄ Կանաչ օրակարգի պահանջների։ Քննարկումներում ներկայացվեցին նաև կայունության և կանաչ օրակարգին վերաբերող Շվեդիայի կողմից հընթացս իրականացվող մի շարք ծրագրեր։ Մյուս կողմից՝ շեշտվեց նաև Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման ջանքերի կարևորությունը և այդ հարցում կայունության և բնապահպանական հարթության առանցքային նշանակությունը։
Ն․Գ․ դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնը իր ելույթում վերահաստատեց Շվեդիայի հանձնառությունը Հայաստանի հետ Շվեդիայի գործընկերության զարգացման և զարգացման համագործակցության ընդլայնման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: