Մամուլի սրահ

Դասալսումներ՝ դպրոցներում. ինչ խնդիրներ է վեր հանել ՀՀ կրթության տեսչական մարմինը

3 րոպեի ընթերցում

Դասալսումներ՝ դպրոցներում. ինչ խնդիրներ է վեր հանել ՀՀ կրթության տեսչական մարմինը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հանրակրթական հաստատություններում անցկացվում են դասալսումներ։ Աշխատանքներն իրականացվում է ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ ավելի շատ դպրոցներ են ընդգրկվել դասալսումների ցուցակում։ 2022 թվականին նախատեսված է եղել 20, 2023 թվականին 30, իսկ 2024 թվականին առանձնացվել է 40 դպրոց։ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։ 

«Ծրագրի հիմնական նպատակն է խորհրդատվություների միջոցով աջակցել ուսուցիչներին, որ ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դրվածքը, դասավանդման որակն ավելի բարձրանա։ Ընտրված են Մաթեմատիկա և Հայոց լեզու առարկաները։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է ավելացնել նաև բնագիտական առարկաները»,-ասաց Արսեն Բաղդասարյանը։ 

Դասալսումների ընթացքում դիտարկվում է թե ուսուցիչների աշխատանքը, թե աշակերտների ներգրավվածությունը, թե միջավայրը, անհրաժեշտ օժանդակ միջոցների առկայությունը և այլն։ Դասալսումների իրականացման համար տեսչական մարմինը մշակել է գործիքակազմ, որը ներառում է դասալսման ձևաթուղթ, գնահատման ուղեցույց, եզրակացության ձևաթուղթ:

«Դասալսումների ընթացքում մասնագետները վերհանում են բոլոր խնդիրները, քննարկում դրանք ուսուցիչների հետ։  Բարձրաձայնվում են տարաբնույթ խնդիրներ՝ դասը վարելու մեթոդական մոտեցումներ, աշակերտների մասնակցայնություն, առարկայական մասնագիտական հարցերի վերհանում։ Այն ուսուցչի մոտ, որտեղ դասալսում է իրականացվում, մեր խնդիրն է աջակցել, ուղղորդել, թե նրա մասնագիտական որ հմտությունները, կարողությունները լավարկելու անհրաժեշտություն կա, ինչն էլ դրական իմաստով կարող է ազդել կրթության որակի վրա»,-ասաց Արսեն Բաղդասարյանը։ 

Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում, կան խնդիրներ՝ կարճաժամկետ։ Դրանք բոլորը խմբավորվում են և ներկայացվում են շահագրգիռ բոլոր կողմերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում