3 րոպեի ընթերցում
Հայաստանում 2025 թվականի առաջին եռամսյակում լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների թիվը 2024 թվականի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 56 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 58։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ քաղաքական առումով ընթացիկ տարվա առաջին եռամսյակը հանգիստ է եղել, լրագրողները ստիպված չեն եղել հանրահավաքներ, քաղաքական ընդհարումներ լուսաբանել։ Չնայած դրան, ամեն դեպքում առաջին եռամսյակը խախտումներից զերծ չի եղել։
«Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել են և՛ ֆիզիկական բռնության, և՛ լրատվամիջոցներին նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքեր։ Դրանից բացի, լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերի պակաս չի եղել։ Մասնավորապես, 15 նոր դատական հայց ենք ունեցել։ Գերակշռում են վիրավորանքների, զրպարտության հիմքով գործերը»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Ի տարբերություն լրատվամիջոցների նկատմամբ կիրառված ճնշումների ցուցանիշներին, որոշակի բարելավում է նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների առնչությամբ։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցվել է այդպիսի իրավունքների խախտումների 29 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 41-ի համեմատ։
«Այո, որոշակի բարելավում նկատվում է, սակայն մենք մնում ենք այն կարծիքին, որ այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան։ Արձանագրվել են փաստեր, երբ պետական մարմիններն անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը, ուշացրել են պատասխանը կամ պարզապես անարձագանք են թողել հարցումները»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նաև արձանագրել է, որ հայաստանյան մեդիա ոլորտի համար լուրջ մարտահրավեր էր ԱՄՆ նոր վարչակազմի կողմից խոշոր դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) գործունեության կասեցումը և դրա հետ կապված հեռանկարի անորոշությունը։ Այդ գործակալության հետ համագործակցող տասնյակ լրատվամիջոցներ և լրագրողական կազմակերպություններ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում։