Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուղերձում ասված է․ 

«Սիրելի´ երեխաներ,

Հարգելի´ գործընկերներ,

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչը խիստ կարևոր է առավել ամուր և իրավունքահեն հասարակության ձևավորման համար։ 

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ առկա են երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համակարգային։  

Մասնավորապես, արձանագրվել են խնդիրներ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման ու կանխարգելման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ դրանց պատշաճ հասցեավորման և յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, նախադպրոցական կրթության իրավունքի ապահովման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան միջավայրում ապրելու և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված: 

Դրանք վեր հանելու և լուծելու ուղիներ գտնելու նպատակով իմ և աշխատակազմի կողմից հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար իրականացվում են հանդիպումներ ուսումնական հաստատություններում սովորողների, խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների հետ, ներկայացվում են վերջիններիս իրավունքները, Պաշտպանին ինքնուրույն դիմելու մեխանիզմները։ Այս ամենի արդյունքում աճել է երեխաների իրազեկվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին, և երեխաները իրենց իրավունքների պաշտպանության հարցով ինքնուրույն դիմում են Պաշտպանին՝ բարձրացնելով ինչպես բուլինգի և վատ վերաբերմունքի, այնպես էլ՝ իրենց իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար, պետք է ունենանք օրինակելի վարքագիծ` նկատի ունենալով այն, որ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։

Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: 

Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:

Հայերեն Español

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին