Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանն իր հոբելյանական միջոցառմանը շնորհակալագրեր հանձնեց գործընկերներին, այդ թվում` «Արմենպրես»-ին

5 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանն իր հոբելյանական միջոցառմանը շնորհակալագրեր հանձնեց գործընկերներին, այդ թվում` «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրման 40-ամյակը տոնեց հոբելյանական միջոցառմամբ, որի ընթացքում պատվոգրեր, շնորհակալագրեր հանձնեց թանգարանի աշխատակիցներին, բոլոր գործընկերներին և կազմակերպություններին, որոնք մշտապես կանգնած են իրենց կողքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին, թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը հիշեցրեց՝ թանգարանը հիմնադրվել է 1980 թվականին, սակայն այցելուների առաջ իր դռներն է բացել 1984-ին:

«Այս տարի տոնում ենք նաև թանգարանի հիմնադիր, սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարին սկսվել էր ավելի վաղ՝ դեռ 2023-ին, երբ նոր մշտական ցուցադրություն կազմակերպեցինք և այդ հարցում մեզ օգնեցին մեր գործընկերները Տրետյակովյան պատկերասրահից: Բուն միջոցառումները մեկնարկել են 2024-ին: Առաջին հերթին հուշ-երեկո նվիրեցինք Աբրահամյանի հիշատակին, այնուհետև Տրետյակովյան պատկերասրահում բացեցինք ցուցահնադես, որտեղ ներկայացվեցին Աբրահամյանի հավաքածուից արվեստի 49 գործ, ինչպես նաև նրա զարմիկի հավաքածուից 13 աշխատանք»,- ասաց Մկրտչյանն ու հավելեց՝ այդ կարևոր իրադարձությանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան» խորագրով ցուցահանդեսը: Երկու ցուցահանդեսների արդյունքում հրատարակվել են Արամ Աբրահամյանի կյանքին ու գործունեությանը նվիրված, ինչպես նաև «Մոսկվա-Երևան-Մոսկվա» պատկերագրքերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց՝ հոբելյանական տարին  հագեցած է եղել, և թանգարանը պատվով կատարել է իր առաքելութունը: Նա հատկապես մեծ նշանակություն տվեց Տրետյակովյան պատկերասրահի հետ համատեղ իրականացրած ծրագրին:

«Մեր նախարարության ուշադրության կենտրոնում են միջազգային ծրագրերը, նախաձեռնությունները, համագործակցությունները, քանի որ մենք վստահ ենք, որ նման ծրագրերի միջոցով թանգարանը լուրջ զարգացում է ապրում և ճանաչում ստանում»,-նշեց փոխնախարարը:

Նա կարծում է՝ հնարավոր չէր լինի շատ արդյունավետ աշխատել առանց մասնավոր հատվածի, մասնավորապես, առանց «Կերոն» հիմնադրամի աջակցության, որի հետ նախարարությունն առաջին անգամ չէ համագործակցում:

Թանգարանի տնօրենն ու ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը պատվոգրեր հանձնեցին «Կերոն» հիմնադրամի հիմնադիր Մարետա Գևորկյանին, թանգարանի ցուցահանդեսների հանրահռչակման բաժնի վարիչ Օվսաննա Հարությունյանին, թանգարանի ավագ գիտաշխատող Անի Աշուղ-Ղարիբյանին և մի խումբ այլ աշխատակիցների, գործընկերների:

Թանգարանի գործունեությունը մշտապես լուսաբանելու և հանրայնացնելու համար շնորհակալագրեր հանձվեցին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը, գործակալության ֆոտո և վիդեոբաժնի պատասխանատու խմբագիր Գևորգ Պերկուպերկյանին և թղթակից Անժելա Համբարձումյանին:

«Կերոն»-ի տնօրեն Վանանե Արարքցյանն ասաց՝ սիրով են համագործակցում թանգարանի հետ և նշեց՝ իրենց աջակցությամբ փոխվել են թանգարանի ցուցափեղկերը, դրանք լուսավորվել ու ժամանակակից տեսք են ստացել, Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպվել է ցուցահանդես, որը բաց է եղել շուրջ երեք ամիս, տպագրվել է պատկերագիրք, ամբողջ ամառ Կասկադում անցկացվել են երաժշտական երեկոներ, մանկական զարգացման խմբակներ և այլ նախաձեռնություններ: 

«Որպես երևանցի, Կասկադում մեծացած աղջիկ՝ ինձ համար այս համագործակցությունը շատ կարևոր է»,-նշեց նա:

Արարքցյանը հույս ունի, որ կառույցների համագործակցությունը շարունակական կլինի: Հիմնադրամը թանգարանին նվիրեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի «Հայելիով խաղ» կտավը, իսկ Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրամին նվիրեց Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ» կտավի կրկնօրինակը:

Հոբելյանական երեկոն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական կատարումներով: Ռուսական արվեստի թանգարանը խոստացավ առաջիկայում հանդես գալ նոր ու հետաքրքիր ցուցադրություններով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում