Հայաստան

Հայաստանը և Վիետնամը ակնկալում են ստորագրել խորհրդարանական փոխգործակցության համաձայնագիր

5 րոպեի ընթերցում

Հայաստանը և Վիետնամը ակնկալում են ստորագրել խորհրդարանական փոխգործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Վիետնամի ազգային ժողովի նախագահ Տրան Թան Մանը պայմանավորվել են քննարկել երկու Ազգային ժողովների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հարցը՝ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Viet Nam News-ը: 

Ընդգծելով, որ սա 30 տարուց ի վեր երկկողմ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելուց հետո Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի առաջին այցն էր Վիետնամ, Մանն ասել է, որ Վիետնամը կարևորում և ցանկանում է ամրապնդել Հայաստանի հետ ավանդական բարեկամությունն ու բազմակողմ համագործակցությունը։

Նրա կարծիքով՝ վերջին տարիներին Հայաստանը կայուն քայլեր է կատարել հասարակական-քաղաքական կայունության, տնտեսական զարգացման ուղղությամբ և հաստատել իր դերն ու դիրքը միջազգային ասպարեզում։

Նշելով, որ երկու երկրները շարունակաբար ակտիվացրել են քաղաքական, դիվանագիտական ​​և համագործակցային կապերը տարբեր ոլորտներում, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ հետ քննարկել է խորհրդարանական համագործակցությունը խթանող միջոցառումները, այդ թվում՝ համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ կարևորելով համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը և երկկողմ հարաբերությունների խթանումը տնտեսության, առևտրի, գիտության, տեխնոլոգիական կրթության և զբոսաշրջության ոլորտներում:

Երկու օրենսդիր մարմինների ղեկավարներն ուրախությամբ արձանագրել են հարաբերությունների բարձր մակարդակը, որին նպաստել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ 2019 թվականի հուլիսին։ Երկու երկրները համակարգել և աջակցել են միմյանց միջազգային ասպարեզում, հատկապես ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոն համայնքի և այլ միջազգային կազմակերպությունների ու բազմակողմ ֆորումների շրջանակներում։

Երկկողմանի առևտրաշրջանառությունը 2024 թվականի առաջին տասը ամիսներին հասել է մոտ 424 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 28,9 տոկոսով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանն ունի մի շարք ուղղակի ներդրումային ծրագրեր Վիետնամում, այդ թվում՝ Քունգ Նամ նահանգում էլեկտրոնային բաղադրիչների արտադրության գործարանի գրանցված կապիտալը կազմում է 12,9 միլիոն դոլար։ Վիետնամը խրախուսում է բիզնեսին ներդրումներ կատարել Հայաստանում, հատկապես այնպիսի շահավետ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը և տեքստիլ արդյունաբերությունը:

Ալեն Սիմոնյանը համաձայնել է, որ պոտենցիալ հնարավորություններ կան Հայաստանի և Վիետնամի համար՝ ավելի ամրապնդելու համագործակցությունը։ Լինելով բազմաթիվ երկկողմ և բազմակողմ ազատ առևտրի համաձայնագրերի անդամ՝ Հայաստանն ակտիվորեն խթանում է այլ երկրների հետ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցությունը։

Երկու ղեկավարները խոստացել են արդյունավետորեն իրականացնել համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմներն ու համաձայնագրերը, ներառյալ Վիետնամի ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագիրը՝ երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցության մեջ բեկումնային փոփոխություններ ստեղծելու համար։

Նրանք նաև խոստացել են շարունակել արդյունավետ համագործակցությունը տարածաշրջանային ֆորումներում և աջակցել Արևելյան ծովի (միջազգայնորեն հայտնի է որպես Հարավչինական ծով) վերաբերյալ ԱՍԵԱՆ-ի և Վիետնամի դիրքորոշմանը՝ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում։ Անդրադառնալով գիտության, տեխնոլոգիաների բնագավառներում երկկողմ համագործակցությունը խթանելու, ուղիղ ավիաչվերթների բացման վերաբերյալ Հայաստանի ղեկավարի առաջարկներին՝ ԱԺ նախագահ Մանն առաջարկել է երկու կողմերին քննարկել և պայմանավորվել այդ ոլորտներում կոնկրետ համագործակցություն իրականացնել։

Նա առաջարկել է, որ երկու կողմերի ներկայացուցիչները նպաստեն փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը ՝ խթանելու համագործակցության հնարավոր ոլորտները, հատկապես զբոսաշրջությունը:

Մանը հրավիրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին՝ մասնակցելու Վիետնամի Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հունվարին Քան Թոու քաղաքում կայանալիք գյուղատնտեսության, պարենային անվտանգության և կլիմայի փոփոխության հարցերով Ֆրանկոֆոնիայի համագործակցության խորհրդարանական համաժողովին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում