Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ կապված ընտրությունների արդյունքների հետ
2 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ կապված ընտրությունների արդյունքների հետ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/19/SLFa4ypqrnsc26Fww8xlwqlyqEJmKr98zvOF1Sp6.webp)
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 19-ին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ բողոք հայտնելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիության և համընդհանուր քվեարկության իրավունքի խախտման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի իրավաբան Էկա Բեսելիան։
Նոյեմբերի 16-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89-ը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից։ Խորհրդարանը պետք է հավաքվի ոչ ուշ, քան նախագահի կողմից գումարման ամփոփիչ արձանագրության հրապարակումից տասն օր հետո։ Սակայն եթե նախագահը հրաժարվի խորհրդարանը գումարելուց, օրենսդիր մարմինը կհավաքվի ինքնուրույն:
Ընդդիմադիրներն արդյունքները համարում են կեղծված, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծման հարցում ընդդիմության պնդումների առնչությամբ, սակայն ընդդիմադիրների մեծ մասը չի համագործակցում գերատեսչության հետ։