Հայաստան

«Ֆուտբոլը բոլորի համար». միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

2 րոպեի ընթերցում

«Ֆուտբոլը բոլորի համար». միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրել է «Ֆուտբոլը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 99 մարզիկ, որոնցից 85-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Մասնակցել են նաև 32 ուղեկցող–կամավորներ։ Միջոցառումը սպասարկել է 3 մրցավար։

Մրցաշարին մասնակցել են Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի, Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Աբովյանի կրթահամալիրի, Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցի, «Այաքս» ֆուտբոլային ակադեմիայի և «Արև մոդելներ» ներառական կազմակերպության սաները։

Մրցաշարի արդյունքներով հաղթողի կոչմանն արժանացել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աբովյանի կրթահամալիրի թիմը:

Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, ինչպես նաև գնդակներով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում