ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները, կարևորելով միջթանգարանային համագործակցությունը, Վանաձորում արվեստասերներին են ներկայացրել Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորագրությունների ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն է տվել ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով:
Ցուցադրության հիմքում են եղել «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. Վերջին-XX դարասկզբին: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը:
Շչեգլովի օֆորտներն աչքի են ընկնում ժանեկազարդ նրբին գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաև ներկայացված են եղել 1970-80-ական թվականների լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:
Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության կարգախոսով՝ Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսի շրջանակում Վանաձորի կերպարվեստի թանգարանում անցկացրել է լինոփորագրության վարպետության դասեր:
Ծրագիրն այցելուներին ինտերակտիվ էքսկուրսիայի միջոցով ծանոթացրել է լինոփորագրության տեխնիկայի պատմությանը և հմտություններին, այնուհետև, այցելուներն իրենք իսկ ստեղծագործել են այդ տեխնիկայով:
Միջթանգարանային այս համագործակցությունը Վանաձորի կերպարվեստի թանգարանի գործունեության համար նոր է, որը շարունակական կլինի և հնարավորություն կտա թանգարանի հարկի տակ ցուցադրել տարբեր թանգարանների գլուխգործոցներ։
Ցուցահանդեսը նախաձեռնել են Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Վանաձորի կերպարվեստի թանգարանը և Գյումրու «Ռուսական տունը»: