ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դոն Կիխոտին սպասելիս» նոր լիամետրաժ, հիբրիդային-վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Գոայի 55-րդ միջազգային հեղինակավոր կինոփառատոնի «Համաշխարհային կինո» բաժնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա փիլիսոփայական էսսե է՝ անդրադարձ հետպատերազմական Հայաստանի ներկային՝ ուր իրականն ու երեւակայականը խառնվել են իրար։
Գոայի միջազգային կինոփառատոնում տեղի կունենա ֆիլմի համաշխարհային պրեմիերան։
«Այս բաժնում մասնակցությունը բարձր է գնահատվում, քանի որ այն ընդգրկում է ականավոր միջազգային ֆիլմեր, որոնք հաղթահարում են ստեղծագործական սահմանները եւ բացում նոր մշակութային հեռանկարներ»,- նշվում է փառատոնի բաժնի բնութագրման մեջ։
Միեւնույն ժամանակ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «ԲՈԲՈ» վավերագրական, լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի հիշատակին, նույնպես կմասնակցի Գոայի 55-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Վերականգնված դասականներ» բաժնում։ Զուգահեռաբար ֆիլմը մասնակցում է նաեւ Կահիրեի 45-րդ միջազգային կինոփառատոնի «Կահիրեի դասականներ» բաժնում։
Ստեղծումից երեսուներեք տարի անց այս վերականգնված կինոգոհարը նշվում է Ա դասի երկու միջազգային փառատոնում՝ որպես նշանակալի ներդրում համաշխարհային կինոյի ժառանգության մեջ: