Աշխարհ

Բրազիլիայում մեկնարկում է G20-ի գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայում մեկնարկում է G20-ի գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում բացվում է Մեծ քսանյակի (G20) երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրվել են G20-ի բոլոր երկրների և այլ պետությունների, այդ թվում՝ Անգոլայի, Բոլիվիայի, Կատարի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Մալայզիայի, Նիգերիայի, Սինգապուրի և Վիետնամի ղեկավարները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Բրազիլիան իր նախագահության առանցքային թեմաներ է   ընտրել կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, սոցիալական ինտեգրումը և սովի դեմ պայքարը: Նոյեմբերի 18-ին պլանավորված է Բրազիլիայի առաջարկած Սովի և աղքատության դեմ պայքարի համաշխարհային դաշինքի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է մոբիլիզացնել երկրներին, միջազգային կազմակերպություններին և մասնավոր հատվածին՝ ձեռնարկելու միջոցներ, որոնք կերաշխավորեն սննդամթերքի հասանելիությունը, հատկապես առավել խոցելի տարածաշրջաններում:

Բրազիլիան նաև ցանկանում է հռչակագրում ներառել հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ 

Ինչպես հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, G20-ի գագաթնաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր։  

Գագաթնաժողովին մասնակցելու համար արդեն Բրազիլիայում են գտնվում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը և Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Ռուսաստանը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում