Հայաստան

Երևանում հնչած կրակոցի հետևանքով մահացել է 35-ամյա երիտասարդ. կրակոց արձակած անձը տուժողի եղբայրն է

3 րոպեի ընթերցում

Երևանում հնչած կրակոցի հետևանքով մահացել է 35-ամյա երիտասարդ. կրակոց արձակած անձը տուժողի եղբայրն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ԲԿ-ից 2024 թվականի նոյեմբերի 16-ին ժամը 00:05-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել են քննության համար էական հանգամանքներ՝ տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ դեպքի վայրը: 

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի դիմացի հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել է արնանման նյութի հետք և ատրճանակի փամփուշտի գնդակ: 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախնական տվյալներով՝ 35-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Առկա են ստուգման ենթակա տվյալներ`  միջադեպի ժամանակ այլ անձանց կողմից ևս մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ։ 

Նախաքննության ընթացքում կատարվել են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև՝ նշված հյուրանոցային համալիրի և հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: 

Դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցանք կատարած, միջադեպին մասնակից, տուժածին հիվանդանոց տեղափոխված, ինչպես նաև միջադեպին ականատես անձանց ինքնությունը պարզելու, հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում