«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր
6 րոպեի ընթերցում
![«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ի և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/15/XcAdh8moemGP8stsKX1c1w1gEyrtVvWLb7xO5DQr.webp)
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի Ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա Արմինե Ղազարյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի տնօրեն Մերի Գրիգորյանը:
Հուշագրի նպատակն է կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ և իրականացնել համատեղ մի շարք ծրագրեր, մասնավորապես «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հաջողության պատմությունը, իրականացրած մարքեթինգային միջոցառումները տպագրել «Kotler Impact» ընկերության (ի դեմ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի) կողմից հրատարակվող «Ժամանակակից Մարքեթինգի Հիմունքները․ Հայաստանի Հրատարակություն» գրքում։
ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի տնօրեն Մերի Գրիգորյանի խոսքով՝ գիրքը ոչ միայն բարձրացնելու է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների տեսանելիությունն ու գրավչությունն ամբողջ աշխարհում, այլև մեծ դերակատարում է ունենալու մեր սերունդների կրթման հարցում:
«Ֆիլիպ Կոտլերն այն համոզմունքին է, որ մարքեթինգի միջոցով հնարավոր է ավելի լավ աշխարհ ստեղծել և շահագրգիռ կողմերը կարող են իրենց անմիջական մասնակցությունն ունենալ դրանում: Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի հրատարակությունում տեղ գտնեն միջազգային ընկերությունների քեյսերը, որպեսզի գիրքը պահանջված լինի նաև օտարազգի ընթերցողների շրջանում: Իսկ «Կոկա Կոլայի» հաջողության պատմությունը, վստահ եմ, շատերին կհետաքրքրի և ոգեշնչման աղբյուր կդառնա»,- ասաց Գրիգորյանը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի Ապրանքատեսականու ինտեգրման ղեկավար Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա Արմինե Ղազարյանն իր հերթին նշեց, որ իրենք մեծապես կարևորում են իրենց սպառողների կրթությունը և հետագա զարգացումը, հետևաբար 2018 թվականին թողարկել են և ակտիվորեն գործարկում են երիտասարդների կրթության հարթակը՝ ուղղված կյանքի և բիզնեսի հմտություններին։
«Չէինք կարող չմասնակցել այսպիսի նախաձեռնությանը՝ ՀՀ-ում ներկայացելով լեգենդար բրենդ, ինչպիսին «Կոկա-Կոլան» է, որը 1886 թվականից կանգնած է մարքեթինգի բոլոր հիմնական թրենդների հիմքում, հետևաբար կարևորում ենք «Ժամանակակից Մարքեթինգի Հիմունքները․ Հայաստանի Հրատարակություն» գրքի լույսընծայումը և մեծ պատիվ ենք համարում այս ծրագրին մասնակցելը։ Ներկայացնելու ենք հետաքրքիր նախագիծ, հույս ունենք, որ ուսանողներին և առհասարակ բոլոր երիտասարդներին հետաքրքիր կլինի ոչ միայն ուսումնասիրել, այլև քննարկել ու մեզ ներկայանալ գրավիչ առաջարկներով, հետաքրքիր գաղափարներով։ Մենք, որպես բրենդ, բաց ենք բոլորի առջև ու կանգնած են երիտասարդների կողքին՝ կարևորելով նրանց կրթությունը, նրանց տալով զարգանալու և իրենց հորիզոններն ընդլայնելու հնարավորություն»,- ասաց Ղազարյանը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Աննա Հակոբջանյանը նույնպես ողջունեց գործընկեր կողմի նախաձեռնությունը՝ հավելելով, որ դա քայլ առաջ է ՀՀ-ի բիզնես մշակույթում և ակադեմիական միջավայրում։
«ԵՊՀ-ի հետ «Kotler Impact» ընկերության համագործակցությունը հուշագրի շրջանակում արժևորվում է մի քանի առումով։ Նախ այն ամրապնդում է բուհ-կազմակերպություն համագործակցությունը, երկրորդ՝ համագործակցության շրջանակում ունենալու ենք հայկական խոշոր ընկերությունների մարքեթինգային խնդիրների ժողովածու, որի միջոցով ուսանողները կունենան իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու հնարավորություն՝ ուսումնասիրելով ոչ միայն հայտնի միջազգային ընկերությունների մարքեթինգային քեյսերը, այլև հայկական բիզնեսի ներկայացուցիչների մարքեթինգային խնդիրները։ Մեր ամբիոնն այս առումով ունի նախաձեռնություն և հանձնառություն՝ մարքեթինգային խնդիրներին ակադեմիական ձեռագիր հաղորդելու նկատառությամբ։ Եվ երրորդ առումն այն է, որ նման նախաձեռնության շրջանակում հնարավորություն է տրվում էլ ավելի ներկայացնելու մարքեթինգի դերը բիզնեսում»,- ասաց Հակոբջանյանը։
Գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Սկզբում կտպագրվի անգլերեն տարբերակը՝ մոտ 10 հազար օրինակով: Այն վաճառվելու է ամբողջ աշխարհում, այնուհետև թարգմանվելու է հայերեն, ինչից հետո գիրքը կարող է ներառվել հայկական բոլոր բուհերի կրթական ծրագրերում
Գրքում տպագրվող ընկերությունների հաջողության պատմությունների հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է, և հետաքրքրված ընկերությունները կարող են լրացնել գրանցման հայտը https://www.greenlightmarketing.am/eommarmenia կայքում։