Վրաստան

Դիդուբեի պանթեոնում հուղարկավորել են Լևոն Մելիքսեթ-Բեկի որդուն

5 րոպեի ընթերցում

Դիդուբեի պանթեոնում հուղարկավորել են Լևոն Մելիքսեթ-Բեկի որդուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած կիրակի՝ նոյեմբերի 3-ին, Թբիլիսիի Դիդուբեի հասարակական գործիչների և գրողների պանթեոնում, իր արժանահիշատակ հոր կողքին, հուղարկավորել են Վրաստանում, Հայաստանում ու արևելագիտական աշխարհում հայտնի Լևոն Մելիքսեթ-Բեկ գերդաստանի արական սեռի վերջին ներկայացուցիչ, շախմատի միջազգային կարգի մրցավար Եվգենի (Տուգա) Լևոնի Մելիքսեթ-Բեկին (1936-2024 թթ.)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Վրաստան» թերթի հրապարակման մեջ: 

Եվգենին (Տուգան) 2001 թվականին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմից պարգեւատրվել է Պատվո մեդալով, իսկ 2012 թվականին Բաքվում կայացած շախմատի համաժողովին՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլումժինովը նրան շնորհել է «Շախմատի վաստակավոր գործչի» կոչում՝ համաշխարհային շախմատի զարգացման ու մասսայականացման գործում ունեցած ավանդի համար։ 

Եվգենի (Տուգա) Մելիքսեթ-Բեկը նշանավոր գիտնական, Վրաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Լեւոն Մելիքսեթ-Բեկի (1890-1963թթ.) որդին էր։ Լեւոն Մելիքսեթ-Բեկը Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադրման օրվանից մինչեւ կյանքի վերջն աշխատել է նախ՝ որպես Մերձավոր Արեւելքի պատմության, ապա՝ հայագիտության ամբիոնի վարիչ։ Փաստորեն, այս ամբիոնը ստեղծվել է նրա ջանքերով։ Լեւոն Մելիքսեթ-Բեկի լսարանի ունկնդիրները Հարավային Կովկասի վրաց, հայ եւ ադրբեջանցի երիտասարդներն էին, ովքեր նրա միջոցով ճանաչեցին միմյանց պատմական անցյալն ու մշակույթը։

17-րդ դարում Մելիքսեթ-Բեկի տոհմը Ղարաբաղի խանությունում ուներ բեկի տիտղոս եւ կալվածքներ, սակայն 18-րդ դարի վերջին, ֆեոդալների միջեւ գժտությունը նրանց գաղթի պատճառը դարձավ նախ՝ Նուխա քաղաք, իսկ 1845 թվականին՝ Թիֆլիս։ Լեւոն Մելիքսեթ-Բեկն ուներ 4 որդի եւ մեկ դուստր։ Այսօր Վրաստանում այս գերդաստանի միայն մեկ ներկայացուցիչ կա՝ Լեւոնի թոռը՝ Մանանա Դավիթի Մելիքսեթ-Բեկը, ճանաչված աշխարհագրագետ, Վրաստանի աշխարհագրական ընկերության անդամ, տասնամյակներ շարունակ դասախոսել է Թբիլիսիի պետական համալսարանում եւ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ներկայումս նա Վրաստանի հանրագիտարանի երկրաբանական գիտությունների ու քարտեզագրության խմբագրության գիտական խմբագիրն է։ Թբիլիսիում են ապրում նաեւ Լեւոն Մելիքսեթ֊Բեկի իգական կողմի ժառանգները, որոնց թվում թբիլիսցի ազգային երաժշտության հայտնի հետազոտող Լեւան Միզանդարին, որը պատրաստում է հրատարակման մենագրություն-կատալոգ՝ նվիրված Մելիքսսեթ֊Բեկի  նշանավոր ընտանիքի հայտնի ներկայացուցիչներին։ Լեւան Միզանդարին արվեստաբանության դասընթացներ է վարում Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում, Սամցխե-Ջավախեթիի ու Քվեմո Քարթլիի ազգությամբ հայ եւ ադրբեջանցի ուսանողների համար:

Լեւոն Մելիքսեթ-Բեկի ավագ որդին՝ Միխեիլ Մելիքսեթ-Բեկը, Օդեսայում ծառայել էր որպես ռազմական նավապետ եւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակից համարվում է անհայտ կորած։ Նա թողել է մեկ որդի՝ Շալվային, որի ուկրաինացած ժառանգներն այսօր ապրում են Խերսոնում եւ շարունակում են Մելիքսեթ-Բեկի արական ճյուղը։ 

Կրկին անդրադառնալով Եվգենի Մելիքսեթ-Բեկի հուղարկավորությանը՝ թերթը նշել է, որ սգո արարողությանը ելույթ ունեցողները՝ Թբիլիսիի ավիացիոն համալսարանի պրոֆեսոր Անդրո Մաիսուրաձեն, Վրաստանի գրողների ստեղծագործական միության համանախագահ եւ Դիդուբեի պանթեոնի տնօրեն Բադրի Քութաթելաձեն, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վան Բայբուրթյանը, Եվգենի Մելիքսեթ-֊Բեկի սաներ, թբիլիսցի, ներկայումս Ֆրանսիայում բնակվող շախմատի Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն գրոսմայստեր Նինո Մաիսուրաձեն եւ թբիլիսցի միջազգային գրոսմայստեր, շախմատի Վրաստանի առաջնության եւ միջազգային մրցաշարերի մրցանակակիր Դավիթ Հարությունյանը, բարձր են գնահատել մրցավարի  եւ մարզիչի վաստակը ոլորտի զարգացման տեսանկյունից՝ առանձնացնելով նաեւ նրա մարդկային բացառիկ բարի ու ազնիվ տեսակը: 

Եվգենի (Տուգա) Մելիքսեթ-Բեկի մահվան կապակցությամբ իր ցավակցություն է հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Կարինե Մանուկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում