Ընտրական օրենսգրքում նախատեսվում են վերահաշվարկի կարգի փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը անդրադարձավ ընտրական օրենսգրքում վերահաշվարկի կարգի բարեփոխումների անհրաժեշտությանը։  

«Ընտրական օրենսգիրքը սահմանում է վերահաշվարկ իրականացնելու հերթականություն՝ ըստ որոշակի սուբյեկտների։ Ներկայում առաջին հերթին վերահաշվարկում են վիճակահանությամբ ընտրված տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ վերջում՝ այն տեղամասերի, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում։ Սա կարող է դժգոհություններ առաջացնել և անվստահության մթնոլորտ ստեղծել, հատկապես երբ վերջնաժամկետ է սահմանված վերահաշվարկի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նոր փոփոխությունները նախատեսում են վերահաշվարկի առաջնահերթություն տրամադրել այն դիմումներին, որոնք ներկայացված են ընտրական օրենսգրքով նախատեսված սուբյեկտների կողմից։  

Նա նաև հավելեց, որ ընտրական օրենսգիրքը չի նախատեսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ վերահաշվարկի հնարավորությունը, մինչդեռ վերահաշվարկն անհրաժեշտ գործիք է ընտրական գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար։

«Սա նույնպես հասցեագրվել է ընտրական օրենսգրքի այս փաթեթում»,-եզրափակեց Հարությունյանը։ 

Հայերեն