ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրակրթության դպրոցների տնօրենների ընտրության հարցում բավական լուրջ խնդիրներ են լինում։ Այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով 2024 թվականին տնօրենների թեկնածուների կողմից նախարարություն ներկայացվել է 853 զարգացման ծրագիր։ Դրանցից դրական եզրակացություն ստացել է միայն 99-ը։ Նախարարությունում անցկացվել է 107 հարցազրույց, որից միայն 41-ն է դրական եզրակացություն ստացել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ ցուցանիշները բավական ցածր են և գոհացուցիչ չեն։
«Ակնհայտ է, որ մենք թեկնածուների շրջանում ունենք կարողությունների խնդիր։ Մարդիկ հետաքրքրված են, ուզում են դառնալ տնօրեն, բայց կարողությունները չեն բավարարում այն պահանջներին, որոնք ներկայացված են։ Տարիներ շարունակ դպրոցում աշխատող տնօրեններն օրվա մեծ մասը հատկացրել են վարչական հարցերի կարգավորմանը։ Հիմա մենք կառավարման նոր մոդել ենք ներդրել ու վարչատնտեսական հարցերով ունենք հստակ պատասխանատու։ Տնօրենի գերխնդիրը մնում է կրթության որակ ապահովելը և դրա տակ մեխանիզմներ դնելը։ Այսինքն՝ ուսուցիչների կարողությունների գնահատում դրանց զարգացմանը միտված գործընթացների կազմակերպում, սովորողների կրթության որակի գնահատում և այլն»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։
Իրավիճակը փոխելու համար նախարարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում։ Նախ իրականացնում են ծրագիր տնօրենների թափուր պաշտոնի համար հավակնող անձանց հմտությունների, կարողությունների զարգացման նպատակով։
«Նախաձեռնել ենք մի պիլոտային ծրագիր, որը միտված է տնօրենների թեկնածուների կարողությունների զարգացմանը։ Ասեմ, որ ծրագրին մասնակցելու համար 300 դիմում է եղել, որից ընտրվել է 60-ը։ Այսինքն՝ 60 հավակնորդ 7 ամիս մասնակցելու է վերապատրաստման դասընթացի։ Բարեհաջող ավարտելուց հետո նրանք արդեն պոտենցիալ տնօրեններ են։ Մենք պատրաստվում ենք այս ծրագիրը հետագայում ընդլայնել»,-հավելեց նախարարի տեղակալը։
Եվս մեկ փոփոխություն է կյանքի կոչվում։ Որոշ դեպքերում, եթե նույնիսկ դպրոցի տնօրենի պաշտոնի համար դիմած անձը դրական եզրակացություն չի ստանա, ապա հնարավորություն կտրվի մեկ տարի փորձաշրջան անցնել։
«Ինչպես նշեցի, հանրակրթության դպրոցների տնօրենների ընտրության հարցում բավական լուրջ խնդիր ունենք, ոչ միշտ են թեկնածուները բավարարում սահմանված պահանջներին։ Ամեն դեպքում ունենում ենք իրավիճակներ, երբ հարցազրույցից հետո հասկանում ենք, որ հավակնորդին կարող ենք դիտարկել տնօրենի պաշտոնում, բայց լավ կլիներ փորձաշրջան անցներ։ Այժմ հանրակրթության մասին օրենքում ամրագրվել է, որ հավակնորդը կարող է մեկ տարի ժամկետով փորձաշրջան անցնել։ Մեկ տարի անց տվյալ անձը հաշվետվություն կներկայացնի դպրոցի խորհրդին, համապատասխան հանձնաժողովին, և եթե դրական ընթացք է եղել, ուրեմն տնօրենը կշարունակի պաշտոնավարել»,-ասաց նախարարի տեղակալը։