Մամուլի սրահ

5600-ից ավելի ուսուցիչ գրանցվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար. գործընթացը մեկնարկում է նոյեմբերի 9-ից

4 րոպեի ընթերցում

5600-ից ավելի ուսուցիչ գրանցվել է կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար. գործընթացը մեկնարկում է նոյեմբերի 9-ից

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման գործընթացը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային ձևաչափով։  

«Էլեկտրոնային ձևաչափի անցնելու նպատակը նախ ժամանակի տնտեսումն է։ Հարցումները ցույց են տալիս, որ ուսուցիչները 20-30 րոպե կորցնում են միայն պատասխանները ձևաթղթում անցկացնելու ժամանակ։ Էլեկտրոնային ձևաչափը հնարավորություն է տալիս հենց տեղում նշել պատասխանը, ընդ որում, ուզում եմ ասել, որ կա պատասխանները պահպանելու կոճակ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են վերադառնալ և շտկել, եթե դրա կարիքն ունեն»-ասաց նախարարի տեղակալը։  

Թեստը համարվում է ամփոփված, երբ սեղմվում է ավարտել կոճակը։ Ուսուցիչներին թեստի համար տրվելու է նույնքան ժամանակ, որքան նախորդ տարի էր, ավելին՝ այնպես է արվել, որ 3 ժամը լրանալուց հետո համակարգն ավտոմատ չփակվի։ Եթե ուսուցիչը հավելյալ 10 կամ 15 րոպեի կարիք ունենա, ապա այդ հնարավորությունը կտրվի։  Թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, ուսուցիչը կարող է իմանալ ավարտել կոճակը սեղմելուց անմիջապես հետո։  

«Էլեկտրոնային համակարգը պատրաստ է, այս ընթացքում ուսուցիչներին այն փորձարկելու հնարավորություն ևս տրվել է։ Համակարգը բավականին պարզ է, ընդամենը պետք է ընտրեն ճիշտ կամ սխալ պատասխաններ կամ որոշ դեպքերում թվեր լրացնեն։ Ամեն դեպքում տեղում՝ քննական կենտրոններում, աշխատողները պատրաստ կլինեն տեխնիկական աջակցություն տրամադրել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։ 

Գործընթացը մեկնարկում է նոյեմբերի 9-ից և ավարտվելու է նոյեմբերի 24-ին։ Երևանում ու մարզերում 35 քննական կենտրոններն արդեն պատրաստ են՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել է 5620 աշխատող ուսուցիչ, 572 չաշխատող անձինք, որոնց թվում են նախնական և միջին մասնագիտական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները։ 

«Այս տարի ունենք նաև պարտադիր պայման։ Նախորդ տարի կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչները պարտադիր պետք է այս տարի ևս մասնակցեն գործընթացին»,- նշեց ասաց Արաքսիա Սվաջյանը։  

Թեստերի առաջադրանքների 60 տոկոսը հաղթահարելու դեպքում դրույքաչափի փոփոխություն է տեղի ունենում, և ուսուցիչներն ունենում են 200 հազար դրամ աշխատավարձ։ Հաջորդիվ, արդյունքների համաձայն, համապատասխանաբար լինում է աշխատավարձի բարձրացում 30, 40, 50 տոկոսի չափով։ Համատեղության պահով ևս ուսուցիչներն օգտվում են այս հնարավորությունից։ Կամավոր ատեստավորման արդյունքները շարունակում են գործել 5 տարի։ Արդեն կան 3800-ից ավելի ուսուցիչներ, որոնք հաղթահարել են կամավոր ատեստավորման անհրաժեշտ շեմը։ Նրանց մեծ մասը ստանում է հավելավճար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում