ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայում հորդառատ անձրևների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 95-ի։ Ջրհեղեղից ամենաշատը տուժել է Վալենսիայի ինքնավար համայնքը, որին բաժին է ընկնում զոհերի մեծ մասը՝ 92-ը։ Սա համարվում է Իսպանիայի ժամանակակից պատմության ընթացքում ամենասարսափելի բնական աղետներից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը։
Ջրհեղեղի հետևանքով կան նաև տասնյակ անհետ կորածներ։ Բազմաթիվ մարդիկ ժամեր շարունակ մեկուսացված են մնացել իրենց մեքենաներում, ճանապարհներին կամ տների վերին հարկերում։ Հեղեղաջրերը քշել-տարել են մեքենաները, քաղաքները հեղեղվել են, երկաթգծերը և ճանապարհները դարձել անանցանելի։ 100 000-ից ավելի մարդիկ մնացել են առանց էլեկտրականության և կապի միջոցների։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ջրհեղեղի զոհերի հիշատակին։
2024 թվականի այս ջրհեղեղը կմիանա Իսպանիայի պատմության խոշորագույն բնական աղետների ցանկին, որը գլխավորում են Վալեսի ջրհեղեղը, որը հազար մարդու կյանք էր խլել Բարսելոնայում 1962 թ. սեպտեմբերին, Վալենսիայով անցնող Տուրիա գետի վարարումը 1957 թ. հոկտեմբերին, որը 87 զոհի պատճառ էր դարձել, և 1996 թ. օգոստոսին Բիեսկասում գտնվող ճամբարում տեղի ունեցած փոթորիկը, որը 87 մարդու կյանք էր խլել: