Վրաստան

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերստուգելու ընտրությունների արդյունքները

3 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերստուգելու ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները պատրաստ են ստեղծելու հանձնաժողով և ուսումնասիրելու մանրամասները բոլոր ընտրատեղամասերում՝ ընդդիմության և որոշ արևմտյան ղեկավարների ու կառույցների կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Պահանջում են բացել (ընտրողների) ցուցակները: Ոչ միայն ցուցակները, եկեք հասնենք վերջին ամենափոքր տեղամասին: Ամենն, ինչ ցանկանում եք: Ահա հետաքննությունը: Եթե ցանկանում եք, հանձնաժողով ստեղծենք և  միասին հասնենք բոլոր ընտրատարածքներ: Կբացենք ամեն ինչ, կխորանանք բոլոր մանրամասների մեջ», - Մդինարաձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյան նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին կոչ է արել ապացույցներ տրամադրել դատախազությանը, որը հետաքննություն է սկսել ԿԸՀ-ի խնդրանքով։ 

Մդինարաձեի խոսքով՝ պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն նրանք, ովքեր կարող էին խախտել օրենքն, այլև նրանք, ովքեր անհիմն մեղադրում են իշխանություններին հարյուր հազարավոր ձայներ կեղծելու մեջ։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին՝ առաջին անգամ էլեկտրոնային քվեատուփերի կիրառմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,9%-ը՝ ստանալով միանձնյա կառավարություն կազմելու իրավունք։ Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են չորս ընդդիմադիր կուսակցություններ. «Հանուն փոփոխությունների կոալիցիան» ստացել է ձայների 10,92%-ը, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը՝ 10,12%-ը, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,78%-ը, «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,76%-ը։

Խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարում են կեղծված։ Նաև ընտրությունների արդյունքները չի ճանաչել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում