Չինաստան

Ընդհանուր քաղաքակրթական արժեքներն այսօր էլ շարունակում են ամրապնդել հայ և չին ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը

9 րոպեի ընթերցում

Ընդհանուր քաղաքակրթական արժեքներն այսօր էլ շարունակում են ամրապնդել հայ և չին ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը և Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթություններ, դարեր շարունակ պահպանել են խաղաղության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և անխոնջ առաջ շարժվելու ցանկությունը։ Այս ընդհանուր արժեքները այսօր էլ շարունակում են ամրապնդել մեր ժողովուրդների միջև կապերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ հայտնեց «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով՝ տվյալ իրադարձությունը ոչ միայն նոր էջ բացեց Չինաստանի պատմության մեջ, այլև վերջ դրեց չին ժողովրդի երկար տարիների տառապանքներին՝ ճանապարհ բացելով ուժեղ և անկախ պետության ստեղծման համար։

«Իր հիմնադրման առաջին իսկ օրերից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը բախվել է հսկայական մարտահրավերների։ Ավերված տնտեսությունը և բնակչության ծանր վիճակը պահանջում էին վճռական և անհապաղ գործողություններ: Կառավարությունը աղքատության հաղթահարման, տնտեսության վերականգնման ու սոցիալական խնդիրների լուծման կուրս սահմանեց, ինչը հիմք դարձավ երկրի հետագա հաջողությունների համար։ Չինաստանի իրական տնտեսական վերականգնումը և կայուն զարգացումը սկսվել են 20-րդ դարի վերջին իրականացված լայնածավալ բարեփոխումների շնորհիվ։ Այս փոխակերպումները ճանապարհ հարթեցին արդիականացման համար, և այսօր Չինաստանը համաշխարհային տերություն է, որն ունի անհավանական նվաճումներ տնտեսագիտության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասաց Ավագյանը։ 

Նրա կարծիքով՝ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իրավամբ համարվում է համաշխարհային առաջատար տերություններից մեկը։ Տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի և արտաքին քաղաքականության ոլորտներում նրա հաջողությունները հսկայական ազդեցություն են ունենում համաշխարհային գործընթացների վրա։ Այս ուղին անհնարին կլիներ առանց պետության ձևավորման առաջին տարիներին ձեռնարկված վճռական քայլերի, երբ Չինաստանը կարողացավ հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ և թևակոխել կայուն զարգացման ուղին։

«Հայաստանի Հանրապետության համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության առաջնահերթությունների համակարգում առանցքային տեղ են գրավում։ ՉԺՀ-ի հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի է հասնում՝ ամրապնդվելով բոլոր ոլորտներում՝ քաղաքական և տնտեսականից մինչև մշակութային և գիտական: Կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, գիտական ​​հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև փոխանակումները գնալով ավելի սերտ են դառնում, այցելությունների և պատվիրակությունների թիվը շարունակում է աճել: Արդեն այս տարի մենք ուրախ էինք նշել պետական ​​մակարդակով մի շարք հաջող շփումներ։ Դրանք բոլորը, անշուշտ, կարևոր դեր են խաղացել մեր պետության համար։ Ընթացիկ տարվա ընթացքում մենք լայնորեն նշեցինք նաև Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչպես նաև նշեցինք մեր կազմակերպությունների երկու կարևոր տարեդարձերը՝ Հայաստան-Չինաստան Բարեկամության ընկերության հիմնադրման 36-ամյակը և Գիտության ու մշակույթի չինական կենտրոնի 18-ամյակը»,- նշեց Ավագյանը։

Նա վստահեցրեց, որ «Հայաստան-Չինաստան» բարեկամության ընկերությունը, Գիտության և մշակույթի չինական կենտրոնի հետ միասին, ակտիվորեն աջակցում են հանրային դիվանագիտությանը՝ նպաստելով մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության ամրապնդմանը։ 

«Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք այս կարևոր գործընթացին, որը նոր հնարավորություններ է բացում ակտիվ փոխգործակցության և գործընկերության համար: Չինաստանը և Հայաստանը, որպես հնագույն քաղաքակրթություններ, դարեր շարունակ պահպանել են խաղաղության, ավանդույթների նկատմամբ հարգանքի և անխոնջ առաջ շարժվելու ցանկությունը։ Այս ընդհանուր արժեքները այսօր էլ շարունակում են ամրապնդել մեր ժողովուրդների միջև կապերը։ Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն լեզուն և հետաքրքրություն ցուցաբերում չինական մշակույթի նկատմամբ, ինչը հատկապես նկատելի է Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտի ակտիվ աշխատանքի շնորհիվ, որը կարևոր դեր է խաղում մշակութային և կրթական փոխանակումների ամրապնդման գործում»,- ընդգծեց «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահը։

Ավագյանը հավելեց, որ միջազգային ասպարեզում Հայաստանը և Չինաստանը հետևողականորեն պաշտպանել են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները՝ նպաստելով գլոբալ հարաբերությունների ժողովրդավարացմանը և աջակցելով միմյանց հիմնական շահերին առնչվող հարցերում: 

«Այս դիրքորոշումը ամուր հիմքեր է ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար՝ բացելով համատեղ հաջողության նոր հորիզոններ։ «Հայաստան-Չինաստան» բարեկամության ընկերությունը և Գիտության և մշակույթի չինական կենտրոնը լիովին կիսում են մեր հարաբերություններին առնչվող այս բարձր գնահատականը։ Մենք ՀՀ-ում ՉԺՀ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի խոսքերն ընկալում ենք որպես կապերն էլ ավելի ամրապնդելու հզոր խթան և պատրաստ ենք եռանդով ներգրավվել համատեղ աշխատանքի՝ օգտագործելով հանրային դիվանագիտության մեթոդները՝ ընդհանուր բարգավաճմանն ուղղված նախագծերում նոր բարձունքների հասնելու համար»,- եզրափակեց «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահը:

Չինական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանը դիմելով հատկապես չինական կողմի ներկայացուցիչներին և գործընկերներին՝ նշեց, որ գրքի և գրի հետ հայերի առանձնահատուկ հարաբերությունը երկար պատմություն ունի։ Հնում, մինչ քրիստոնեության ընդունումը, հայերն ունեցել են գրի Աստված՝ ՏԻՐ։ Նրա խոսքով՝ շատերը սա համարում են Հայաստանում մինչմաշտոցյան գրի գոյության լուրջ ապացույցներից մեկը։ 4-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն»-ում հիշատակում է հայ հեթանոս աստվածներին և մասնավորապես Տիր աստծուն, ում նա համարում է արվեստի, գիտության և կրթության, ճարտարապետության աստված։

«Բռնակալ Լենկթեմուրը (Թամերլան) գրքերը պարզապես գերեվարում էր։ Միջնադարյան հայկական ձեռագրերից հայտնի է, որ Թամերլանը գրքերի միջոցով թալանել է Հայաստանը։ Նա ավերել է վանքերն ու եկեղեցիները, խոշտանգել քահանաներին, փնտրել ու գտել թաքստոցներում պահված գրքերը, որպեսզի հետո․․․ վաճառեր հայերին։ Հետաքրքիր է, որ հասարակ հային գերությունից ազատելու համար Թամերլանը երկու անգամ ավելի քիչ ոսկի էր պահանջում, քան ազնվական ընտանիքի ներկայացուցչին ազատելու համար, իսկ գիրքը գերությունից ազատելու համար՝ երկու անգամ ավելին էր պահանջում, քան ազնվական ընտանիքի ներկայացուցչին ազատելու համար։ Նա լավ գիտեր, որ հայ ժողովրդի մեջ կային կամավորներ, ովքեր շրջում էին տնետուն, վերջին փշրանքներն էին աղերսում, որպեսզի նախ ազատեին գերությունից գրքերը։ Թամերլանը գիտեր նաև, որ հայերը, ովքեր հաճախ իրենք գրել-կարդալ չգիտեին, ոչինչ չեն խնայել գրքերը գերեվարությունից ազատելու համար։ Հայերի այս հատկանիշը Լենկթեմուրին հնարավորություն է տվել ամբողջությամբ թալանել ժողովրդին»,- նշեց Մուրադյանը։

Նա տեղեկացրեց, որ Մատենադարանում պահվում են  հնագույն չինական ձեռագրերի և գրքերի թվայնացված նմուշներ /պատճեններ/՝ N 57 - 1956 թվականին փոխանցվել է Հանրային գրադարանից, N 88 և N 89 - 1962 թվականին գնված Արշամ Տեր-Հարությունյանից, Երևան, N 205 - 1992 թվականին նվեր է ստացվել Աստղիկ Սարգիսեանից, Անգլիա, N 381 - 2021 թվականին նվեր է ստացվել Արմինե Մանուկեանից, Ֆրանսիա։

Մուրադյանը հավաստիացրեց, որ «Հայաստան-Չինաստան» բարեկամության միությունն ու Չինական գիտության և մշակույթի կենտրոնը կաջակցեն, որպեսզի Չինաստանից ժամանեն միջնադարյան չինարենի մասնագետներ՝ վերոհիշյալ ձեռագրերն ու գրքերը վերծանելու և թարգմանելու համար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում