Հայաստան

Երևանում 25-ամյա երիտասարդը ՌԴ քաղաքացուց առևանգել է բջջային հեռախոս և գումար

2 րոպեի ընթերցում

Երևանում 25-ամյա երիտասարդը ՌԴ քաղաքացուց առևանգել է բջջային հեռախոս և գումար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել են Երևան քաղաքում օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին  հաղորդում է տվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 21։50-ի սահմաններում Երևան քաղաքի Կասկադ համալիրի աստիճանահարթակի մոտ անհայտ անձը, զենքի նմանվող առարկայով, սպառնալիքներ է հնչեցնելով, իրենից պահանջել է բջջային հեռախոս և գումար, ինչին ի պատասխան, վախի ազդեցության ներքո, ենթարկվելով սպառնալիքներին, ինքը տվել է իրեն պատկանող «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՌԴ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տուժողը մատնացույց է արել հստակ վայրը, որտեղ դեպքը տեղի է ունեցել։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 25-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում առգրավվել են դեպքի վայրի հարակից հատվածներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք զննության են ենթարկվել տուժողի մասնակցությամբ։

25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 

Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում