Տնտեսություն

Պետական պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտին․ ՀՀ ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

Պետական պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտին․ ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 49,8 տոկոս, 2025 թվականի վերջում ակնկալվում է 53,5 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Բյուջեի պակասուրդը կլինի 5,5 տոկոս և պետական պարտքը կավելանա 2024 թվականի համեմատ։ Այս պահի դրությամբ՝ պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար»,-ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը էական չի համարում պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ կարևորում է դրա համեմատությունը Հայաստանի ՀՆԱ-ի հետ։

«Պետական պարտքը կարող է ավելանալ և պակասել՝ տարբեր կարիքներից ելնելով։ Այստեղ պետք է հետաքրքրի ոչ թե պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ ընդհանրապես պետական բյուջեով նախատեսված ծախսերի արդյունավետությունը։

Եթե մեր եկամուտները և հնարավորությունները բավարար արագությամբ աճում են, պարտքի ավելացումը խնդիր չի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Ֆինանսների նախարարությունն ունի վերլուծական կարողություններ՝ հաշվելու, թե պետական պարտքի որ մակարդակն է հնարավոր սպասարկել։

«Մյուս կողմից ահռելի աշխատանք է տարվում, որպեսզի այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, լինեն ավելի արդյունավետ, չանենք ծախսեր, որոնք արդյունք չեն տալիս կամ գուցե արդյունք տալիս են, բայց առաջնահերթ չեն»,-ասաց  Վահե Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ արտաքին պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում