ԵՄ-ում համարում են, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են խախտումներով
3 րոպեի ընթերցում
![ԵՄ-ում համարում են, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են խախտումներով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/28/LUXxvbbqCm5GC0i8SxhXOZMiqXfMaNetntvfLs2f.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին «հետաքննել խախտումները», որոնք, ըստ Բրյուսելի, տեղի են ունեցել Վրաստանի խորհրդարանի ընտրություններում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու, հասցեագրելու ընտրական խախտումները և դրանց վերաբերյալ պնդումները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն և հասցեագրվեն։ Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիությունը «ուշադրությամբ հետևել է խորհրդարանական ընտրություններին նախորդող իրադարձություններին», և Բրյուսելը կարծում է, որ «վերջին ամիսներին Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրենց երկրի ուղուն դեպի ԵՄ»:
«Քարոզարշավի ընթացքում լայն տարածում են գտել ընտրողների, մասնավորապես՝ պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումների մասին հաղորդումները», - գրված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն սպասում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) վերջնական զեկույցին և հանձնարարականներին, որոնք, ըստ Բրյուսելի, պետք է «իրականացվեն հնարավորինս շուտ»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, և կոչ է արել հետաքննել ընտրախախտումների մասին բոլոր հաղորդումները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական կառույցների միջազգային դիտորդների ասուլիսը հաստատել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների համապատասխանությունը բոլոր ընտրական սկզբունքներին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 53,93 %-ի աջակցությունը։ Դրան հաջորդում են հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս կուսակցություններ՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 %, «Միացյալ ազգային շարժում»՝ 10,16 %, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 % և «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76 %։