Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Մարտակերտի նախկին քաղաքապետ Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, որը, ինչպես նշում է կոմիտեն, անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար մեղադրվող Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։ 

Անթույլատրելի համարելով այդ հանգամանքը` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարել պարզաբանել հետևյալը. «ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1614-Ն որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող՝ մինչև 2017թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված, ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) կամ ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 26-ի N1864-Ն որոշման 1-ին կետով ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ»։

Կոմիտեն հայտնում է՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը, սակայն ՀՀ կառավարության վերոնշյալ՝ փաստացի անձի իրավական վիճակը բարելավող որոշման իրավակարգավորումների պայմաններում մեղադրյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորությունն էականորեն նվազել է և ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների հիման վրա չի կարող համարվել հանցանք:

«Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները` վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է»,-ասվում է տեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում