Քաղաքականություն

Կողմերը կբանակցեն, երբ մարտական գործողությունների առումով հայտնվեն փակուղում. արաբագետը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա փուլի մասին

6 րոպեի ընթերցում

Կողմերը կբանակցեն, երբ մարտական գործողությունների առումով հայտնվեն փակուղում. արաբագետը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա փուլի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբա-իսրայելական հակամարտության կողմերը ցույց են տալիս, որ լինելու են անզիջում և չեն պատրաստվում գնալ զիջումների, բայց նրանք կարող են բանակցել, եթե հայտնվեն փակուղում՝ գիտակցելով, որ մարտական գործողություններն այլևս չեն բերի ցանկալի արդյունք, կամ եթե գերտերությունները նրանց վրա կիրառեն զգալի ճնշում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, արաբագետ Մուշեղ Ղահրիյանը՝ անդրադառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի վերջին զարգացումներին՝ արաբա-իսրայելական հակամարտության համատեքստում։ 

«Իսրայելը տրամադրված է ստեղծել գոնե այնպիսի իրավիճակ, որ Գազայում ՀԱՄԱՍ-ը և Լիբանանում «Հեզբոլլահ»-ը զգալիորեն թուլանան և առնվազն միջնաժամկետ կտրվածքով չլինեն այն ուժը, որը կանհանգստացնի Իսրայելին։ Վերջին տարիներին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բավականին կոշտ դիրքորոշման կողմնակից է դարձել, բազմաթիվ հարցազրույցներում քննադատել է նախկին իշխանություններին, որոնք, նրա բնորոշմամբ, վարել են սխալ քաղաքականություն, այսինքն՝ գնացել են զիջումների, ինչի արդյունքում ՀԱՄԱՍ-ն ավելի է ոգեշնչվել և կարծել է, որ կարող է պայմաններ թելադրել։ Նույնը վերաբերում է նաև «Հեզբոլլահ»-ին»։ Այժմ Նեթանյահուն ձգտում է խոսել բացառապես ուժի դիրքերից»,- ասաց Ղահրիյանը։

Արաբագետի դիտարկմամբ՝ Իսրայելն ունի բավականաչափ ռեսուրսներ և շարունակաբար ստանում է քաղաքական, ֆինանսական ու ռազմական աջակցություն Միացյալ Նահանգներից, հետևաբար ունի նաև որոշակի առավելություն թե՛ զինատեսակների, թե՛ տեխնոլոգիաների առումով։ 

«Ինչ վերաբերում է արաբական երկրների արձագանքին, ապա վաղուց արաբական միասնական ճակատ գոյություն չունի։ Դեռևս 1970-ական թվականներից սկսվեց պառակտման գործընթացը։ Վերջին տարիներին Իսրայելը փորձել է սկզբում գաղտնի բանակցությունների միջոցով տարբեր կապեր ու հարաբերություններ հաստատել արաբական որոշ երկրների հետ։ Օրինակ՝ 2020 թվականին Պարսկական ծոցի երկրների հետ ձեռք բերվեց հարաբերություններ հաստատելու համաձայնություն։ Վերջին շրջանում իսրայելական կողմն ակտիվ բանակցություններ է վարել նաև տարածաշրջանի առաջատար պետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ, հետևաբար այդ առումով չկա որևէ վտանգ, որ արաբական աշխարհը այս փուլում կարող է միավորվել և միասնական ճակատով պայքարել Իսրայելի դեմ։ Քաղաքական ու քարոզչական մակարդակում նրանք, անշուշտ, աջակցում են Պաղեստինին, բայց շատ քիչ դեպքերում է լինում ավելին»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Դիտարկմանը, թե արաբական միասնական ճակատի բացակայության պայմաններում  այդ բացը փորձում է լրացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ աջակցելով իր պրոքսի ուժերին, Ղահրիյանը պատասխանեց, որ Իրանն այս պահին իսկապես Մերձավոր Արևելքում Իսրայելի ոխերիմ թշնամին է, քանի որ Թել Ավիվը հիմնական սպառնալիքը տեսնում է Թեհրանից։ 

«Իրանի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլահ»-ին, բնականաբար, գլխացավանք է առաջացնում իսրայելցիների մոտ։ Իսրայելը վաղուց տարատեսակ հարվածներ է հասցնում Իրանին, ընդ որում հարված ասելով՝ պետք չէ ընկալել միայն հրթիռակոծումները։ Հարվածներ են նաև միջուկային ֆիզիկոսների և իրանցի բարձրաստիճան զինվորականների սպանությունները։ Այդուհանդերձ, էսկալացիոն տրամաբանությունը կարող է հանգեցնել նրան, որ երբ կողմերից մեկը բարձրացնի խաղադրույքը, ապա մյուսն էլ կփորձի պատասխանել գոնե համարժեք ձևով։ Այնուամենայնիվ, հակամարտող կողմերի միջև դժվար է պատկերացնել տոտալ պատերազմ։ Երկու հակառակորդներն աշխարհագրորեն իրարից հեռու են, դժվար է երևակայել, որ իսրայելական զորքը կհասնի Իրան կամ իրանական բանակը կներխուժի Իսրայել, հետևաբար բավարարվելու են հեռահար հարվածներով, որքանով թույլ կտան հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները»,- ասաց Ղահրիյանը։

Վերլուծաբանի խոսքով՝ գերտերությունները հայտարարությունների մակարդակով շեշտում են հիմնախնդրի խաղաղ և շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն փաստ չէ, որ որևէ երկիր կարող է ցանկացած պահի պարտադրել այդ բանակցությունները։ 

«Կարող են լինել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն բանակցային մթնոլորտի ստեղծմանը։ Այդ առումով առավել ակտիվորեն գործընթացին փորձում են աջակցել Եգիպտոսը, Քաթարն ու Միացյալ Նահանգները, բայց որևէ երաշխիք չկա, որ նրանք կհասնեն հաջողության։ Այս պահին հակամարտող կողմերը կարծում են, որ դեռ կարող են ռազմական ճանապարհով լուծել խնդիրն ու այդ տարբերակով հասնել հաջողության, ինչը բանակցությունների ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է»,- եզրափակեց արաբագետը։        

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում