Մարզեր

Գագարին բնակավայրում կառուցվում է նոր խաղահրապարակ

3 րոպեի ընթերցում

Գագարին բնակավայրում կառուցվում է նոր խաղահրապարակ

ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրում  Երիտասարդական 8, Գայի 1, 2, 3 շենքերի բակային տարածքում  կառուցվում և կահավորվում է նոր խաղահրապարակ, տեղադրվում  են խաղամիջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից ֆինանսավորվող և «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի կողմից իրականացվող «Հայաստանում բնակվող «Լեռնային Ղարաբաղից փախստականների համար երկարատև բնակարանային լուծումների ապահովում» ծրագրի շրջանակներում շուտով գագարինցի մեծ ու փոքրի առօրյան, ազատ ժամանցի կազմակերպումը կդառնա գրավիչ, անվտանգ ու ապահով:

«Մինչ խաղահրապարակի կառուցումը, Սևան համայնքի միջոցներով ապամոնտաժվել են տարածքում տեղադրված ինքնակամ ավտոտնակները, վագոն-տնակները, բոստանների վերածված հողակտորները: Այս աշխատանքներին հաջորդել են տարածքի բարեկարգումը և խաղամիջոցների տեղադրումը:

Ծրագրի շրջանակներում Գագարին բնակավայրում ներդրվելու է 12 միլիոն  դրամ, որի արդյունքում խաղահրապարակի համար նախատեսված տարածքում բարեկարգման աշխատանքներին զուգահեռ կտեղադրվեն նստարաններ, տարածքը կունենա գիշերային լուսավորության ցանց: Նախատեսված են տեղադրել հետևյալ խաղամիջոցները՝ զուգափայտ, հեծանիվ, տարզան, հրշեջի աշտարակ, ոտքերի մարզիչ, խորանարդ, պտույտ: Խաղամարզամիջոցները նպաստելու են նաև առողջ ապրելակերպի, անվտանգ միջավայրի ձևավորմանը: Սևան համայնքի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությունը ոչ միայն սպասված էր, այլ նաև արդյունավետ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և Գագարին բնակավայրում բնակություն հաստատած արցախցիների թվաքանակը տեսանելի է, ծրագիրը կյանքի կոչվեց Գագարին բնակավայրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սևանի համայնքապետարանի արդյունավետ համագործակցության և համաֆինանսավորման արդյունքում Գագարին բնակավայրում շահագործման է հանձնվել մինի ֆուտբոլի մարզադաշտը, որը գագարինցիների վաղեմի երազանքն էր:

Մարզական կյանքի կազմակերպման, առողջ ապրելակերպի մասսայականացմանը նպաստող այս ձեռնարկն էլ լավագույններից մեկն է»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում