Podcast. «EngineerX»-ը Հայաստանում ինժեներների համար ներդրված հնարավորությունների ընդլայնման ծրագրեր ունի
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկաբնակ գործարար Վահե Նիգողոսյանի՝ Հայաստանում հիմնադրած «EngineerX» ընկերությունը ոչ միայն աշխատանքի նոր հնարավորություն է ստեղծել հայ ինժեներների համար, այլև հասանելի է դարձրել դիզայնի և ինժեներական աշխարհի լավագույն գործիքները։
«Արմենպրես»-ի Podcast նախագծի շրջանակներում Վահե Նիգողոսյանը, ներկայացնելով ընկերության մտահղացման շարժառիթներն ու 4-ամյա ուղին, նշեց, որ գլխավոր առաջնահերթություններից է հանդիսացել ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ համագործակցության հաստատումը, ինչն արդեն իսկ իրականություն է դարձել։

Ըստ այդմ՝ «EngineerX» դարձել է մոդելավորման համակարգչային ավտոմատացված նախագծման և ինժեներական ծրագրային ապահովման SolidWorks ծրագրի առաջին պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
«Համագործակցություն սկսեցինք Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ, որի արդյունքում SolidWorks-ը սկսեց ուսուցանվել բուհում։ Կան 80 ուսանողներ, ինչի համար շատ ուրախ և հպարտ ենք»,-ասաց Նիգողոսյանը՝ հավելելով, որ քննությունները հաջողությամբ հանձնելով՝ ծրագրի ուսանողները կստանան միջազգային կարգի սերտիֆիկատ և, բարձր որակավորում ունենալով, իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում։
Ըստ Նիգողոսյանի՝ նպատակ կա մեծացնել ծրագրի ուսանողների թիվը՝ այն հասցնելով տարեկան 300-ի, ինչը նաև հնարավոր կդարձնի արտասահմանյան ընկերություններին Հայաստան բերելը և կնպաստի մեխանիկական ինժեներիայի զարգացմանը։
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դասախոս Հրայր Գալոյանը, ով վերապատրաստում է անցել «EngineerX»-ում, հավաստիացրեց, որ այն մեծ հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման համար։

«Չնայած 9 տարվա փորձ ունեմ՝ բայց դեռ սովորելու շատ տեղ կա և շատ բաներ իմացա այս վերապատրաստման ընթացքում։ Արդեն իմ փորձը կիսում եմ ուսանողների հետ։ Մենք այս տարվանից սկսել ենք շատ մեծ ծավալով մագիստրոսական ծրագրում ներառել SolidWorks-ը։ Ուսանողներն ընտրության հնարավորություն ունեին և մեծ մասն ընտրել են հենց այս ծրագիրը»,-ներկայացրեց Գալոյանը՝ հավելելով, որ ծրագիրը նախատեսված է հիմնականում մեխանիկայի բաժնի ուսանողների համար, սակայն միաժամանակ մեծ հնարավորություններ է ստեղծում նաև գրաֆիկ-դիզայներների համար։
Առավել մանրամասն՝ Podcast-ում։