Մշակույթ

Ավելի քան 250 ֆիլմ, անիմացիոն շուկա, ցուցահանդեսներ, պատկերագրքերի շնորհանդեսներ. մեկնարկում է «ՌեԱ» փառատոնը

10 րոպեի ընթերցում

Ավելի քան 250 ֆիլմ, անիմացիոն շուկա, ցուցահանդեսներ, պատկերագրքերի շնորհանդեսներ. մեկնարկում է «ՌեԱ» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեանիմանիա» պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը Երևանում, կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից, ավելի քան 35 հեղինակավոր հյուրի։ Փառատոնին կանցկացվեն անիմացիոն ֆիլմերի շուկա, կոմիքսների ցուցահանդես, վարպետության դասեր, հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ականավոր ներկայացուցիչների հետ։

Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված կլինեն ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ հեղինակավոր փառատոններում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին շատ կարևորեց փառատոնի շրջանակում կազմակերպվող «ՄարԱնի» անիմացիոն շուկայի զարգացման գաղափարը և հիշեցրեց, որ այն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը ՀԲԸՄ-ում։ «Շուկայի շրջանակում կլինեն հյուրեր Disney-ից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից։ Բանախոսները ներկայացնելու են VR-ի, AI-ի գաղտնիքներն ու տեխնոլոգիական հմտությունները։ Կարևոր է նաև CoReAct համատեղ արտադրության հարթակը, որն առաջին անգամ նախորդ տարի է անցկացվել և միավորել է 15 պրոդյուսերի և 12 նախագիծ։ Այս տարի հարթակում 17 նախագիծ է ներկայացված, մասնակցելու է 15 միջազգային պրոդյուսեր։ Գնահատման խմբում կարևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Ներկայացուցիչ կլինի «Եվրիմաժ»-ից, «Անսի» փառատոնից, Frans TV-ից»,-տեղեկացրեց Քասունին։

Փառատոնի հիմնադիր տնօրենը մեծ նշանակություն է տալիս նաև ReA Comics  նախաձեռնությանը, որի շրջանակում ներկայացնում են սփյուռքում և Հայաստանում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներ։ 16-րդ փառատոնին Հայաստանի նկարիչների միությունում է կազմակերպվելու կոմիքսների ցուցադրությունը։ Նախատեսվում է նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատման գրքի շնորհանդեսը, ինչպես նաև այս տարի ներկայացված 14 նախագծի ցուցադրություն։

Մրցույթի հաղթողներին մրցանակներ են տրվելու։  ReA փառատոնը կսկսի նաև ReA Comics-ի մատենաշարը և կներկայացնի արդեն հայերեն թարգմանած երկու գրքերը։ Մեկը գերմանական է, մյուսը՝ ֆրանսիական՝ նվիրված Միսաք Մանուշյանին։ Շնորհանդեսները կազմակերպվելու են փառատոնի ընթացքում։

Վրեժ Քասունին անդրադարձավ նաև «ՌեԱ» ակադեմիայի ստեղծմանը և նշեց, որ քննարկել են գաղափարը։ «Մեր նպատակն էր ակադեմիայի մեկնարկը տալ սեպտեմբերից։ Հույս ունենք, որ հաջորդ տարի կլինի, սակայն խոստանալ չեմ կարող, որովհետև դա կապված է տարբեր գործընկերներից, հովանավորներից։ Հայաստանում կան ստուդիաներ, ինստիտուտներ, որոնք սովորեցնում են անիմացիայի արվեստը, ինչը շատ ողջունելի է, շատ լավ է, բայց որպես անիմացիոն ուսումնական կենտրոն «ՌեԱ» ակադեմիան առաջինը կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Մենք հիմա նախապատրաստվում ենք դրան միջազգային մասնագետների ընդգրկմամբ և հայ մասնագետների հետ համագործակցությամբ»,-ասաց Քասունին՝ խոստանալով մանրամասները հայտնել հետագայում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանը ստանձնել է «ՌԵԱ» փառատոնի գլխավոր հովանավորի դերը։ «Պատկերապատումը, անիմացիան արվեստի այն ճյուղն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել, հորինել, պատկերել, իսկ այս փառատոնն իրապես երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է։ Փառատոնը ոչ միայն մշակութային, այլև կրթական բաղադրիչ ունի, ինչը մեծ նշանակություն ունի քաղաքապետարանի համար, այն փորձի փոխանակման լավ հարթակ է, միջմշակութային կապերի ամրապնդմանն է նաև նպաստում»,-շեշտեց Սահակյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը մշտապես աջակցում է նման փառատոնների կազմակերպմանը։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսի խոսքով՝ «ՌեԱնիմանիա» փառատոնն իրենց համար շատ կարևոր հարթակ է, քանի որ հնարավորություն է տալիս ֆրանսիական անիմացիան ներկայացնել Հայաստանում, հայկական անիմացիոն արվեստն՝ աշխարհում։ Անդրադառնալով ֆրանսիական ծրագրին՝ նա հայտնեց, որ փառատոնին ցուցադրվելու են ֆրանսիացի օսկարակիր ռեժիսոր Միշել Ազանավիսյուսի «Ամենաթանկ բեռը» ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի  կինոփառատոնին, ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։ «Հոսք»-ի ռեժիսորը լատվիացի է, բայց ֆիլմը ֆրանսիական համաարտադրության է։ Այն ևս ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, իսկ Անսի փառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել։

«Մենք աջակցում ենք նաև համաարտադրության հարթակներին և հաջորդ շաբաթ փառատոնի ընթացքում Հայաստան է ժամանելու անիմացիայի ոլորտի ֆրանսիացի 20 մասնագետ, որոնք կշփվեն հայ կինոգործիչների հետ և կծանոթանան նրանց  նախագծերին։ Մեզ համար կարևոր է, որ երկխոսություն ստեղծվի, կապեր և ծանոթություններ հաստատվեն  միջազգային համաարտադրողների հետ»,-հավաստիացրեց նա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը շնորհակալություն հայտնեց «ՌեԱ» փառատոնի թիմին 16-րդ անգամ հասարակությանը նման տոն նվիրելու համար։

Նա շեշտեց, որ իրենց աջակցությամբ փառատոնին ԵՄ-ի տաբեր երկրներից փորձագետներ կմասնակցեն, և փորձի փոխանակման հրաշալի հարթակ կստեղծվի։

«Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ ընդգծեց՝ աջակցում են փառատոնին, քանի որ մշակութային ոլորտը շատ են կարևորում։ «Ներդրում ենք անում արդեն իսկ կայացած փառատոնի մեջ։ Կարևորում ենք փառատոնի միջազգայնացումը։ Որպես սփյուռքի կառույց՝ մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների զարգացմանը և Քասունիի հետ խոսել ենք, թե ինչպես է հնարավոր փառատոնը ներկայացնել նաև սփյուռքում։ Եթե միայն ցուցադրություններ լինեին, գուցե, «ՌեԱնիմանիա»-ն մեզ այնքան էլ չհետաքրքրեր, այնինչ փառատոնը ոլորտը զարգացնելու միտում ունի։ Ճամփորդական անհատական  դրամաշնորհների միջոցով մենք փորձում ենք աջակցել նաև այն երիտասարդ ստեղծագործողներին, որոնք մասնակցում են նման փառատոնների, որ կարողանան տարբեր հարթակներում ցուցադրվել, պայմանագրեր կնքել և այլն»,-ասաց նա և հավելեց՝ հպարտ են լինել փառատոնի գործընկերը։

«ՌեԱ» փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Իսպանիայի թագավորության ներկայացուցչությունը Երևանում Գյոթե ինստիտուտը, , Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«ՌեԱ» փառատոնը (նախկինում՝ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն) տարածաշրջանի ամենահեղինակավոր և առաջատար փառատոններից է, որը, ստեղծվելով 2009 թվականին, նշանավորեց Հայաստանում անիմացիոն արվեստի զարգացման սկիզբը՝ այդպիսով ոլորտում գրանցելով աննախադեպ հաջողություններ։ Փառատոնը հիմնադրվել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունու կողմից և խորհրդանշում է հայկական անիմացիոն պատմության «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում՝ այն դիրքավորելով որպես անընդհատ զարգացող ոլորտ։ «ՌեԱ» փառատոնն իր հիմնադրման օրվանից ի վեր ներգրավել է ավելի քան 40 հազար հանդիսատեսի, համագործակցել և ստացել է աջակցություն 130 հովանավորի կողմից, հյուրընկալել է ոլորտի 230 քննադատների/ժյուրիների (օր․՝ Տիցիանա Լոսկի, Ժան-Պոլ Կոման, Դեվիդ Սփրոքսթոն, Մաքս Հաուարդ, Բիլ Փլիմփթոն և այլն) 70 խոսնակի (Շոն Մ. Բոբբիտ, Խավիեր Դե Լա Չիկա, Էդ Հուկս, Դեյվ Բոսսերտ և այլք), կինոյի և անիմացիոն, կրթության և բիզնես ոլորտների այլ նշանավոր առաջնորդների։ Փառատոնի շրջանակում է ստեղծվել «ՄարԱնի»-ն (անիմացիոն շուկա), որը բաղկացած է 3 հիմնական մասերից՝ ֆորում և ցուցահանդես, CoReAct համատեղ արտադրության հարթակ, աշխատարաններ և վարպետության դասեր։ «ՌեԱ» փառատոնի նպատակը Հայաստանում, տարածաշրջանում և անդին անիմացիոն ֆիլմերի, պրոդյուսերների և անիմացիոն արտիստների կենսունակ համայնքն ու գործը հանրահռչակելն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում