Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում
3 րոպեի ընթերցում
![Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/15/HXGZAwBXINAtjzUMKISdZosxs4o2uB44CrFYwUnr.webp)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և չեղյալ են հայտարարել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։
Ուորդը նշել է մի քանի քայլեր, որոնց պատճառով վատթարացել են Վրաստանի հարաբերությունները Բրիտանիայի և այլ Արևմտյան երկրների հետ։ Այդ քայլերի շարքում դեսպանը թվարկել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը, նրա խոսքով, «սահմանափակում է քաղաքացիական հասարակությունը»։ Դեսպանը հիասթափություն է հայտնել այն բանի առնչությամբ, որ Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարները «սկսել են առաջ տանել դավադրության տեսություններ և ենթադրել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը»։ Գարեթ Ուորդը նաև հայտարարել է, որ Բրիտանիան «ցնցված է» իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական խոստումից՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո արգելելու ընդդիմադիր կուսակցությունները:
«Նշված պատճառներով «Ուորդրոպի երկխոսության» մեկնարկից ի վեր 10 տարվա ընթացքում առաջին անգամ մենք՝ բրիտանական կողմը, որոշել ենք սառեցնել այս նախարարական շփումները։ Մենք նաև չենք անցկացրել Պաշտպանության շտաբների միջև պլանավորված բանակցությունները և դադարեցրել ենք կիբեռանվտանգության նոր ծրագիրը», - հայտարարել է Ուորդը:
Միևնույն ժամանակ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, անկախ այն բանից, թե ով է ղեկավարելու Վրաստանը, երկիրը կվերադառնա եվրատլանտյան ուղի՝ վերականգնելու վստահությունը և վերսկսելու սերտ գործընկերությունը։
Մեծ Բրիտանիայի և Վրաստանի միջև «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» սկսվել է 2014 թվականին: Նախարարների մակարդակով հանդիպումներն անցկացվում էին ամեն տարի և երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր հարթակն էին: