Մեկնարկել է բիզնեսի ներկայացուցիչների և փաստաբանների իրազեկման ծրագիր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 12-ին մեկնարկել է բիզնեսի ներկայացուցիչների և փաստաբանների համար նախատեսված երկօրյա վերապատրաստման դասընթացը: Միջոցառումը կազմակերպել էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը՝ (AMCA) նպատակ ունենալով փաստաբաններին ներկայացնել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների կարևորությունն ու գործիքակազմը:

Բացման խոսքով հանդես է եկել AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, ով ընդգծելով ոլորտի արդիականությունը՝ նշել է․

«Արբիտրաժը և հաշտարարությունը վեճերի լուծման արդյունավետ մեթոդներ են, որոնց խթանմամբ AMCA-ն նպաստում է նաև իրավական մշակույթի զարգացմանը մեր երկրում, երբ վեճերի լուծումը դառնում է ավելի արագ, արդյունավետ, մասնագիտացված և ծախսարդյունավետ»։

Նա իր բանախոսության շրջանակներում մանրամասնորեն ներկայացրել է արբիտրաժային վարույթում գրավոր հաղորդակցման, արբիտրաժային տրիբունալի ձևավորման, արբիտրաժային համաձայնության վավերության, արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման առնչությամբ հարցերը։

Քննարկվել է արբիտրաժի և հաշտարարության հաստատությունների դերը՝ AMCA-ի օրինակով: Վերլուծվել է այլընտրանքային վեճերի լուծման մեթոդների առավելություններն ու փաստաբանի դերի կարևորությունը: Դիտարկվել են արբիտրաժի ընթացակարգային հարցերը և արբիտրաժային վճիռների կատարման մեխանիզմները՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային վճիռների պարագայում:

Ծրագրի երկրորդ հատվածը նվիրված էր հաշտարարության գործընթացին։ «Հաշտարարության բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով ելույթ է ունեցել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, որը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացված և պլանավորվող բարեփոխումները, այդ թվում՝ ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը, հաշտարարների որակավորման ընթացակարգի առանձնահատկությունները և Հայաստանում վեճերի լուծման նոր մշակույթի ձևավորման նախադրյալները։ Արդարադատության նախարարությունն այժմ էլ ընդունում է հայտեր հաշտարարների որակավորման նպատակով, այս անգամ նախապատվությունը տրվելու է մարզերից դիմորդներին։ Նպատակն է հնարավորինս լայն ընդգրկմամբ հաշտարարներ արտոնագրել մարզերում, որպեսզի պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դժվարություններ չառաջանան և ընթացակարգը սահուն լինի քաղաքացիների համար:

AMCA ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է արբիտրաժային կարգով վեճը լուծելու առավելությունները, արբիտրաժային վերապահումը, քննարկման առանձնահատուկ թեմա է դարձել արբիտրաժի կարևորությունը բիզնեսի համար, քանի որ արբիտրաժի միջոցով արագ լուծվող վեճերը նպաստում են բիզնեսի անխափան զարգացմանը:

Ծրագրի 2-րդ հատվածում բանախոսությամբ հանդես է եկել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ղարիբյանը: Քննարկվել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշտարարության իրականացման կարգը, ինչպես նաև պրակտիկ օրինակներով վերլուծվել են հաշտարարության գործընթացի տարբեր փուլերը:

Մասնակիցներն ուղղել են իրենց հարցերը, իսկ բանախոսության ավարտին տեղի է ունեցել քննարկում՝ ոլորտի մարտահրավերների և խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Պարոն Ղարիբյանը  հատուկ ընդգծել է հաշտարարի դերի կարևորությունը և այն հանգամանքը, որ այսօր հաշտարարության զարգացմանը նպաստող հիմնական անձինք փաստաբաններն են, ովքեր իրենց վստահորդներին ուղղորդելով դեպի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ՝ կարող են նաև առավել արդյունավետ ծառայություններ մատուցել։

Որպես օրվա ամփոփում՝ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների կիրառելիությանն ու ՀՀ-ում վերջինիս զարգացման նախադրյալներին:

Մասնակիցները ձեռք են բերել գործնական հմտություններ վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների կիրառման ոլորտում՝ ուղղված իրենց վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Հայերեն