Շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 ՀՀ դրամ
2 րոպեի ընթերցում
![Շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276․726,714 ՀՀ դրամ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/09/AExeGEXkOZj84SSgcuEu4OpmCqUwETnoZWkuyBq9.webp)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, հարկային օրենսդրության համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար, հարկեր չվճարելու նպատակով, 2020 թվականի հունվարի 4-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:
Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 276,726,714 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: